‘ԳԴՀ դեսպան. Հայաստանն այլևս ինքնուրույն չի կարող բանակցել մաքսային կամ տնտեսական հարցերի շուրջ’

972

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ-որ ձևով համատեղելի՞ են Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրը, և կարո՞ղ է արդյոք Հայաստանը ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչպես դրա մասին հայտարարում են իշխանությունները, նշեց. «Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է եղել ստորագրման, բայց սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, և դրանք փոխադարձաբար հակասում են իրար, համենայն դեպս՝ այսօրվա ձևի մեջ»:

Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ եթե Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, պետք է նկատի ունենա, որ Մաքսային միությունն այժմ առանձին իրավաբանական անձ է, ինչը նշանակում է, որ Հայաստանն այլևս ինքնուրույն կամ առանձին չի կարող այլ երկրի հետ բանակցել մաքսային կամ այլ տնտեսական հարցերի շուրջ: «Օրինակ, եթե Հայաստանը կարող էր ազատ առեւտրի շրջանակներում Եվրոպայի հետ պայմանավորվել, որ Եվրոպայից ներկրվող մեքենաների համար ունենար 10 տոկոս մաքսային վճար, ապա Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՄՄ-ն է որոշելու, թե ինչպիսի տոկոսադրույքներ պետք է գործեն։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ է անելու առաջիկայում Հայաստանը»,- հավելեց դեսպանը՝ շեշտելով, որ «դա արդեն համատեղելի չէ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ»:։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ երեկ Ստրասբուրգում արած հայտարարությանը, թե Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կստորագրի Եվրոպայի հետ համաձայնագիրը, Ռայներ Մորելը նշեց, որ պետք է փորձել առաջ շարժվել, սակայն այս տեքստով այդ համաձայնագիրն այլևս գոյություն ունենալ չի կարող:

«Մենք պետք է կանգ առնենք և հասկանանք, թե ինչպես կարելի է առաջ ընթանալ: Երեկ Սերժ Սարգսյանը հայտնել է համաձայնագիր ստորագրելու իր ցանկության մասին: Կարծում եմ, որ անհրաժեշտ է կրկին մտնել երկխոսության մեջ և տեսնել, թե ինչ է հնարավոր անել և ինչ՝ ոչ»,-հայտարեց դեսպան Մորելը:

Ի դեպ, Գերմանիայի դեսպանի հանդիպումը լրագրողների հետ Գերմանիայի վերամիավորման ազգային տոնի առիթով էր. 1990 թ. միացան երկրի արեւելյան եւ արեւմտյան հատվածները։

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի հետ բանակցություններ սկսելու համար Բելառուսը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ն ընդդիմությանը համագործակցության կոչ է անում’