‘ԳԴՀ-ի նախկին նախագահի դեմ դատավարությունը կսկսվի նոյեմբերի 14-ին’

742

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի նկատմամբ դատավարությունը՝  պաշտոնեական դիրքից անձնական շահ ստանալու մեղադրանքով, կսկսվի նոյեմբերի 14-ին: Այդ մասին այսօր հայտնել է Հաննովերի երկրամասային դատարանը:

Վուլֆի և նրա ընկերոջ՝ գործարար Դավիդ Գրյոնեվոլդի գործի քննությունը, ինչպես սպասվում է, կտևի 8 շաբաթ, նախատեսված է 16 դատական նիստ:

Ինչպես պնդում է մեղադրող կողմը, Գրյոնեվոլդը, որին կասկածում են պաշտոնատար անձին կաշառելու մեջ, 2008 թ. իր վրա է վերցրել Վուլֆ ամուսնական զույգի՝ Մյոնխենում գարեջրի տոնին մասնակցելու ծախսերի մի մասը: Վուլֆն այն ժամանակ զբաղեցնում էր Ներքին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնը: Դատախազության կարծիքով՝ Գրյոնեվոլդն այդպես է վարվել, որպեսզի Վուլֆը պաշտպանի կինոնախագծերից մեկը: Մի քանի շաբաթ անց Վուլֆը հենց այդպես էլ արել է: Երկու ամբաստանյալներն էլ հերքում են առաջադրված մեղադրանքը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վատիկանում բացել են ՀՀ դեսպանատունը’
Հաջորդ հոդվածը‘Այդ «նախաձեռնող» և «սիրառատ» Սերժ Սարգսյանը’