‘Գոհար Սիմոնյան. «Աստուծո դրամապահները»…’

2225

20014-ի նախավերջին պատարագն էր: Քահանան արցունքն աչքերին խնդրեց հավատացյալ բազմությանը, որպեսզի «տուն դառնալուց եւ մեր զավակներին առատ-առատ նվերներ բաշխելուց առաջ մտածենք նաեւ այն հիվանդ ու կարիքավոր ընտանիքների մասին, ովքեր մեկ խնձոր անգամ չունեն՝ իրենց երեխաների համար մի կողմ դրած»:

Հուզված եւ բարեսիրտ մարդիկ անմիջապե՛ս արձագանքեցին:

Հենց տեղում որոշվեց հանձնախումբ կազմել, որում ընդգրկվածները, քահանայի հետ միասին, հասցեական օգնություն պիտի տրամադրեին կոնկրետ ընտանիքների:

Ես այդպես էլ չիմացա՝ որքան գումար հավաքվեց:

Բայց գիտե՛մ, ճանաչում եմ մարդկանց, ովքեր շնորհակալությամբ էին ստացել այն փոքրիկ օժանդակությունը, որ տրամադրվել էր ոչ թե Մայր աթոռի, այլ հենց եկեղեցի հաճախող ամենասովորական մարդկանց կողմից:

Ես մինչեւ հիմա հիշում եմ Արուս մայրիկի՝ ցրտից կապտա-նարնջագույն դարձած ձեռքերը, որոնք չէին ենթարկվում՝ վերջին հազարանոցն ահռելի մի թաշկինակից «ազատագրելու ջանքերին»:

Իսկ երբ վերջապես ծալծլված-խունացած հազար դրամանոցը «հասավ բարեգործական սկուտեղին», ես ընդվզեցի՝ ի՛նքն էլ մի օրի չէր, եւ Աստված գիտի՝ քանի ժամերգության էր ոտքով եկեղեցի գալու, որպեսզի այդ հազար դրամի պակասն իր կյանքում աննկատ անի…

Հետո ամաչեցի, իհարկե, իմ նեղսրտության համար, բայց այդպիսով ես մի տեսակ ինքս ի՛նձ ու մնացած բոլորին էի ուզում «պաշտպանել»:

Ես ի վիճակի չէի լինելու հետո նրան այդ վիճակում տեսնել եւ դեռ երկար չէի կարողանալու վերջին լուման գանձանակը նետող Այրի կնոջ իր պարզկա սրտի դիրքը «համադրել»  մուշտակավոր-ներկված տիկնոջ զզվանքառն անտարբերության հետ…

Այդ պատկերը չասեմ՝ սասանում էր իմ հավատքը, բայց խեղճացնում էր ինձ: Եւ եկեղեցին փոքրանում-կանգնած տեղս էր դառնում, հետո ճոճվու՜մ, ճոճվու՜մ, երերու՜մ…

…Ես միանգամից Արուս մայրիկի կապտա-նարնջագույն ձեռքերը հիշեցի, եւ աչքիս առաջ շատ երկար նրա՝ թաշկինակի մեջ «կորած-մոլորած» հազար դրամանոցն էր գնում-գալիս, երբ իմացա Շվեյցարական բանկում՝ Վեհի ունեցած հաշվի ու դրանում առկա միլիոնի, թե միլիոնների մասին:

Ու թեպետ հետո Տեր Վահրամ քահանայի արձագանքն էլ կարդացի, թե բոլոր կաթողիկոսներն էլ նման մի հաշիվ ունեցել են եւ դրամն էլ բարեգործական նպատակներով են գործածել, միեւնույն է, խելքի չեկա:

Ես այդպես էլ ամբողջ օրը Արուս մայրիկի ձեռքերն էի տեսնում, տրանսպորտի փողը խնայելու պատճառով քայլելուց ուռած-տրփացող երակներով ոտքերը եւ մաշված վերարկուի մեջ դուրս ցցված նրա նիհար մեջքը:

Ես մեր բոլոր մամիկներին էի տեսնում ծնկած, որոնք վաղուց արդեն  իրենց Սրտի Եկեղեցին են սարքել, եւ սոված, թե կուշտ՝ «Աստուծո դրամապահներից» հեռու, Տիրոջը մոտ եւ վայելչորե՛ն են «քահանայություն անում»…

Նախորդ հոդվածը‘Միակ մեղավորը քաղաքական ղեկավարությունն է. Իվետա Տոնոյանը հակադարձում է Հովիկ Աբրահամյանին’
Հաջորդ հոդվածը‘Մարսելում, որտեղ սպասում են Ֆրանսիայի վարչապետի այցին, անհայտ անձը կրակ է բացել’