‘Գոհար Սիմոնյան. Շահում է Քառյակը՝ շահում է պետությունը’

1730

Եթե դեռ չեք մոռացել, ժամանակին «ազգային միասնության» մասին տրակտատներ կարդացողները, ովքեր ՀԱԿ-ին մեղադրում էին «ինքնահավանության» եւ «քաղաքական դաշտը գրավելու» համար, չգիտես ինչու՝ ոչ միայն Քառյակի կազմավորման մեջ այդ միասնության «հետքն անգամ չգտան», այլեւ ամեն բան արին, որպեսզի այս ամբողջ ընթացքում հանրության մեջ կասկածներ առաջանան թե՛ Քառյակի,  թե՛  նրա կողմից առաջ քաշված հիմնական նպատակի՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման հնարավորության նկատմամբ:

Ավելին՝ «կոլեգիալ որոշումներ» ընդունելուն հակվածներն ու առանձին լիդերների կողմից «իջեցված հրահանգները» մերժողներն ամեն անգամ, երբ ՀԱԿ-ը որոշում էր  պատշաճ հարգանք ցուցաբերել Քառյակի մաս կազմող մյու՛ս ուժերի եւ այս կամ այն հարցի շուրջ ունեցած նրանց դիրքորոշման  նկատմամբ, նույնիսկ կառավարության հրաժարակա՛նը «տեղավորեցին» միայն Սերժ Սարգսյանի պլաններում, ապա «բրիգադիր Սիսակի դիրքերից» կրկին մատնանշեցին անավարտ հեղափոխության թիրախը…

Մի կողմ թողնենք խնդիրը, որ սույն «բրիգադիրները» հենց իրե՛նք էին ամեն բան անում, որպեսզի իրերի դրությունը հենց այդպես էլ մնար, եւ Սերժ Սարգսյանը շարունակեր ինքն իրեն նախագահ երեւակայել՝ ստորացնելով մեր պետությունը…

Ավելորդ է նաեւ հիշեցնել, որ չնայած Նախագահ Տեր-Պետրոսյանի կոնկրետ բացատրություններին, միեւնույն է, այս մարդիկ տեսնում էին այն, ինչ կամենում էին տեսնել, եւ լսել այն, ինչ իրե՛նց էր պետք լսել:

Իսկ Տեր-Պետրոսյանը, դեռեւս ապրիլի 9-ին, հետեւյա՛լն էր ասել իր հարցազրույցում. «Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ, ինչպես նախկինում, շարունակելու է  հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո՝ հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը»:

Այնուհետ բացատրելով, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, մի կողմից՝  հանրային դժգոհության ալիքը մեղմելու, մյուս կողմից՝ ընդդիմության շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով ժամանակ շահելու նպատակ է հետապնդել, հասկացնելով նաեւ, որ այդ քայլով Սերժ Սարգսյանը փորձել է մեղմել ընդդիմության ճնշման հետեւանքով կրած իր պարտությունը, Տեր-Պետրոսյանը նաեւ մի անչափ կարեւոր դիտարկում էր արել, ինչի մասին ճիշտ պահն է վերհիշե՛լ:

Նա ՀԱԿ-ի գործընկերներին առաջարկել էր կա՛մ «շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնել արդեն Սերժ Սարգսյանի՛ հրաժարականի հարցը, կամ էլ, ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ՝ հասնել Սահմանադրության համաձայն ԱԺ-ն ցրելու եւ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակին:

Քառյակի մաս կազմող երեք ուժերը, սակայն, գուցե հետագա քաղաքական շահարկումներից ազատ լինելու եւ բոլոր հնարավոր ճանապարհները սպառելու նպատակով (վստահ եմ, եթե ընդունվեր մեկ այլ որոշում, հիմա էլ պիտի քննարկվեր մարդկանց ժամանակ չտալու եւ ամեն գնով իշխանություն գալու տաբերակը, որն առանց այդ էլ տկարամիտների քննարկումներում առկա է ցայսօր), ընտրեցին ա՛յլ տարբերակ:

Մաս չկազմելով Աբրահամյանի կառավարությանը, ինչը Սերժ Սարգսյանի երազանքն էր եւ ինտրիգների գլխավոր թիրախը, այնուամենայնիվ, որոշվեց նրան ժամանակ տրամադրել (ի դեպ, նույն կերպ վարվեցին, օրինակ՝ Հրանտ Բագրատյանը և էլի՛ շատերը, բայց այդ առիթով, չգիտես ինչու, ոչ ոք հրապարակային մեղադրականներ չհնչեցրեց…), եւ  նրան առաջադրվեցին այն տասներկու պահանջները, որոնք կրկին հեգնանքի արժանացան ՀԱԿ-ին հեղափոխություն չանելու մեջ մեղադրողների կողմից:  Դրանք համարվեցին «շարադրություն, որ ցանկացած գյուղում կարող էր ձեւակերպվել» (միտքը Ալեքսանդր Արզումանյանինն է, «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում):

Հետաքրքիր է, բայց այդ ընթացքում դարձյալ ոչ  մեկը չլսեց Նախագահի այն դիտարկումը, թե կայացվել է ոչ թե ՀԱԿ-ի առանձին,  այլ չորս ուժերի միասնական որոշում, ինչը, կարծեմ, նորմալ է նման ֆորմատի համար, եւ որ ՀԱԿ-ն ի սկզբանե էլ հրաշալի՛ էր գիտակցում, որ այդ «շարադրությունը», միեւնույն է, կյանքի չի՛ կոչվելու Հովիկ Աբրահամյանի կողմից,  իսկ Սերժ Սարգսյանն էլ  շատ ավելի վատ դրության մեջ է հայտնվելու…

Անշուշտ, չեմ բացառում, որ գուցե ՀԱԿ-ի գործընկերներն էլ իրե՛նց հերթին էին համոզվելու, որ սեփական իշխանությունը երկարաձգելու պատճառով սահմանադրական «բարեփոխումներ սանձազերծածին» ու նրա կառավարությանն իրականում անիմա՛ստ է կամ հարյուր օր տալ, կամ՝ երկու հարյուր: Որ անհրաժեշտ է, այլեւս առանց «փափուկ տարբերակների որոնման»՝ անցնել Քառյակի հիմնական՝  իշխանափոխության կամ երկրում սահմանադրական կարգի վերականգնման օրակարգին:

Բայց  եթե նույնիսկ ընդունենք, թե ընդդիմությունը մի քանի ամիս ժամանակ կորցրեց, նույնիսկ այդ պարագայում ժամանակն աշխատեց եթե ոչ նրա օգտին, գոնե՝ ռեժիմի դեմ…

Նախ, ինչպես մոսկովյան վերլուծաբան Սմբատ Կարախանյանն էր նկատել՝ ակնհայտ դարձավ սրանց անկարությունը նույնիսկ այնպիսի «սրբազան» համարվող գործում, ինչպիսին հստակ կողմնորոշումն է ադրբեջանական սադրանքների դեպքում:

(Իսկապես էլ՝ հենց Տեր-Պետրոսյա՛նն էր, որ հանդես եկավ Գերագույն հրամանատարի դիրքերից, եւ միայն նրա ուղիղ պահանջից հետո Սերժ Սարգսյանն «ազատեց բանակի ձեռքերը»՝  այդկերպ նաեւ ինքն իրեն բավական ինքնավստահ զգալով Սոչիում, ուր սովորաբար գլխահակ էր կանգնում):

Բացի այդ էլ, չնայած Սերժ Սարգսյանի ու վարչապետի՝ տնտեսության մեջ սպասվող պերճ խոստումներին, այս պահին այլեւս ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանի կառավարության նմանությամբ՝ այս մի կառավարությունն  էլ է ձախողվել ամբողջովին:

Ի դեպ, այս փաստը չեն կարող չընդունել նույնիսկ նրանք, ովքեր, հնարավոր է, կցանկանայի՛ն, որ Հովիկ Աբրահամյանը հաջողեր…

Դե տեսեք. 2014-2015 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 144 երկրների մեջ գրավել է  85-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ դիրքն իջեցնելով 6 տեղով եւ ԱՊՀ-ում իր ետեւում թողնելով միայն տաջիկներին ու ղրղզներին:

Սա նշանակում է, որ մենք ոչ միայն  անդունդի եզրին ենք կանգնել, այլեւ ուղղակի զրոյական է դարձել ներդրումների հնարավորությունը, ինչը Հովիկ Աբրահամյանի հիմնակա՛ն խոստումն էր:

Հիմա եթե որեւէ մեկը կասի, թե դրանում Տիգրան Սարգսյանի «ժառանգությունն» է մեղավոր, ասես՝ Տիգրան Սարգսյանը միայնակ էր ներկայացնում իշխանությունը, մենք էլ կպնդենք, որ զեկույցն ունի մի շարք հենասյուներ, որոնք ոչ միայն տվյալ իրադրությունն են ամրագրում անցածի կտրվածքով, այլեւ կանխատեսում են հետագա հնարավոր իրավիճակը:

«Բիզնես միջավայր եւ կայունություն» կետով, օրինակ, անցած տարվա 77-րդ կետի փոխարեն՝ մենք հայտնվել ենք 64-ում, ինչը նշանակում է, որ ներդրողները, այն էլ՝ Եվրասիական միությանն անդամագրվելու պարագայում, դժվար թե այս կողմերում երբեւէ  «բույն սարքեն»:

Ինչպես վերջերս ԱՄՆ դեսպան Հեֆերնն էր նկատել՝ ի վերջո, ներդրողները, «օրենսդրությունից բացի, նաեւ նորմալ բիզնես միջավար եւ անկախ դատարաններ տեսնել են կամենում»: Եթե դրանք չկան, եւ վիճակն է՛լ ավելի է վատթարացել, ի՞նչ նոր սպասելիքներ է անհրաժեշտ ունենալ այս կառավարությունից:

Ի դեպ, հենց այս պահին առկա է նաեւ կառավարության աշխատանքի մեկ այլ կարեւոր ցուցիչ. չնայած հարկային տեռորին ու նույնիսկ կրպակներից գերավճարների հավաքագրման մասին տարածվող տեղեկատվությանը, նաեւ՝ դրա հետեւանքով առկա բավական նկատելի գնաճին, որ դրսեւորվել է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում, երեկ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել է, որ «պետական բյուջեի հավաքագրումն առաջին կիսամյակում թերակատարվել է մոտ 6 միլիարդ դրամով, քանի որ տնտեսության աճը եղել է նախատեսվածից քիչ»:

Հիմա եթե հաշվի առնենք նաեւ օբյեկտիվ մարտահրավերները, Տիգրան Սարգսյանի նկարագրած «կրիտիկական զանգվածի՝ բարեբախտաբար արտագաղթած լինելը», նրանց՝ հիմնականում Ռուսաստանում բնակվելն ու պաշտոնական իսկ տվյալների համաձայն՝ այնտեղից Հայաստան ուղարկվող տրասնֆերների կրճատումը, նշանակում է՝ մեզ ոչ միայն ծանր ձմեռ է սպասվում, այլեւ առաջ է գալիս նաեւ ա՛յս մի կառավարության մեղավորության խնդիրը…

Այսպիսով, վարչապետը, ում Սերժ Սարգսյանը լայն լիազորություն էր տվել եւ գործուղել ընդդիմությունը պառակտելու, ի՛նքն է դառնում թույլ օղակ եւ քավության նոխազ, ում հետ, ինչ-որ իքս պահի, պիտի «հաշիվները փակվեն», եթե մինչ այդ, իհարկե, թեժ աշունը վրա չհասնի:

Տեսնու՞մ եք. ահա՛ եւ այն «հանգամանքը», որի մասին վերջերս այդքան շատ էր խոսվում, եւ որը մեզ է ներկայանում  ոչ թե այս կամ այն  անճարի, այլ հենց ընդդիմության, իսկ խոշոր հաշվով, իհարկե, բոլորիս եւ մեր պետությա՛ն հաղթանակի տեսքով:

Վստահ եմ, անգամ դրանից հետո նույն մարդիկ կսկսեն հիմա էլ խոսել այն մասին, թե ընդդիմությունը պարզապես օգտվեց «որքան վատ, այնքան լավ» իրավիճակից, եւ ինքը ոչինչ չարեց հաջողության հասնելու համար, բայց դա արդեն անկարեւոր կլինի:

Լեզուն ոսկոր չունի՝ ինչպես տեսնում ենք:

Հենց թեկուզ վերջին օրերին, Մոսկվայից Երեւան «երթուղով», ինչ ասես չկարդացինք ընդդիմության ու մասնավորապես ՀԱԿ-ի «արեւմտամոլ» լինելու, գունավոր հեղափոխություն կազմակերպելու եւ էլի՛ բազում հիմարությունների մասին: Եւ դա այն դեպքում, երբ Քառյակն  արդեն «հարմարվել  էր անհույս ռուսասեր լինելու մտքին»…

Այնպես որ, այս պահից սկսած՝ ոչ մի վայրկյան անգամ պիտի չթուլանալ այն ձեռնարկում, որի շուրջ, եւ այսքան դաժան հալածանքների պայմաններում, համախմբում է կայացել:

Հայտնի ձեւակերպման նման՝ շահում է Քառյակը՝ շահում է պետությունը….

Նախորդ հոդվածը‘Մադուրոն և եպիսկոպոսները վիճել են «Չավես մեր» բանաստեղծության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ՄԹ դեսպան. Աֆղանստանում Հայաստանի ներդրումն ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ անդամներինը’