‘Գոհար Սիմոնյան. «Սահմանադրականության հայրը»՝ Սերժի գզիրի դերում’

2107

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, թերեւս, մեր երկրի եւ մեր քաղաքական «էլիտայի» ամենաօդիոզ կերպարներից մեկն է: Ճի՛շտ է` այս մարդուն միշտ հաջողվում է, դատավորի պատմուճանին զուգահեռ՝ «գորշ կարդինալի պարեգոտն էլ վրայից չհանել», այդ պատճառով էլ հիմնականում դուրս է մնում հանրության անմիջական ուշադրությունից, բայց ակնհայտ է, որ  անաչառ վավերագրի համար պատմությունն իր գզրոցներում բազում սեւ էջեր է պահելու այս գործչի հետ կապված…

Դրանցից մեկն էլ, անշուշտ, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն են լինելու: Պետական հերթական հեղաշրջման եւ իշխանության կրկնազավթման նենգ ծրագիր, որին, Դավիթ Հարությունյանի հետ համատեղության կարգով, ՍԴ նախագահը որոշել է «քավորություն անել»: Ինչպես միշտ՝ այսինքն…

Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես երեւում է` այս անգամ չի բավարարվում հաճախորդների կուլիսային տքնանքով եւ որոշել է հրապարակավ, ծափ ու ծիծաղով փչացնել բոլորին: Այդ թվում` ՍԴ նախագահին, ով սահմանադրական փոփոխությունների համատեքստում օրերս միանգամից այնքան զավեշտալի անհեթեթություններ շարեց իրար ետեւից, որ սկսեցի խղճալ. իսկ եթե Սերժ Սարգսյանի կողմից երեք ամսով հետաձգված այս գործընթացն ավելի հետաձգվե՞ր: Ի՞նչ ողբալի վիճակում կհայտնվեր հասարակ գզիրի պես մարզերն ընկած սահմանադրական փոփոխություններ լուսաբանող եւ սովորաբար լուռ այս մարդը, եթե ընդամենը մի Արմավիրու՛մ այդքան սայթաքեց:

Պատկերացնո՞ւմ եք, ըստ ՍԴ նախագահի` «Ծայրահեղություն է, երբ քաղաքական մի ուժը դառնում է դոմինանտ, եւ ստանում ենք քաղաքական բեւեռացում, ինչպես այսօր նույնպես ձեւավորվել է: Եթե միաբեւեռ քաղաքական համակարգ է ձեւավորվում, սա նույնպես շատ վտանգավոր է դինամիկ ժողովրդավարական զարգացումների համար: Այստեղ շատ բան կախված է մարդուց, նրա անհատականությունից, բայց ո՞վ է երաշխավորել, թե ամեն պարագայում մենք գործ ունենանք խելամտության դրսեւորումների հետ, եւ հանկարծ չի լինի այնպիսի իրավիճակ, երբ մարդու սուբյեկտիվ կամքը կարող է բախտորոշ միջամտություն ունենալ երկրի համար: Մարդու տեսած լավ ու վատ երազի, զոքանչի հետ հարաբերությունների պատճառով երկիրը չպիտի տուժի: Սա՛ է այս ամբողջ բարեփոխումների հիմնական գաղափարը, որը կօգնի ստեղծել պետական հզոր համակարգ»,- Արմավիրում հայտարարել է Հարությունյանը, վստահ եմ, ինքն էլ ոչինչ չհասկանալով իր ասածից:

Դե դա էլ նորություն չէ՝ ուղիղն ասած.  Գագիկ Հարությունյանն առհասարակ այնպես է խոսում, որ, օրինակ, ռադիոյում աշխատած տարիներին «սինխրոնի» համար արածս նրա ձայնագրությունը որտեղ անհրաժեշտ էր` անխնա կտրում էի. միեւնույն է` իր  խոսքը դրանից չէր տուժում, այն ինչպես անիմաստ, մանվածապատ մտքերի շարան կար, այդպիսին էլ շարունակում էր լինել…

Եւ, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ ուղերձ է հղել արմավիրցիներին Գագիկ Հարությունյանը, բնականաբար՝ խիստ «սահմանադրական դիտելով» այն հանգամանքը, որ ինքը գործ ունի ոչ թե արմավիրցիների, այլ, ինչպես Սերժ Սարգսյանի ընտրությունների ժամանակ էր պատահում, չնչին կոպեկների դիմաց «մասովկա ապահովող» եւ Հայլուրի կամերաների առաջ ծափահարող հրավիրյալ մարդազանգվածի հետ:

Ըստ ՍԴ նախագահի, ուրեմն, երկրում սահմանադրական փոփոխությունները ձեռնարկվել են ոչ ավել, ոչ պակաս` ՀՀԿ-ի հախից գալու համար: Ավելի ճիշտ` հնարավո՛ր ՀՀԿ-ի, որովհետեւ այս մեկը չնայած սահմանադրորեն դոմինանտ է, ինչը «ծայրահեղություն է եւ քաղաքական միաբեւեռության արդյունք», բայց` անվնաս: Եւ գիտեք` ինչո՞ւ: Որովհետեւ Սերժ Սարգսյանը վատ երազներ չի տեսնում, սքանչելի հարաբերություններ է ունեցել իր զոքանչի հետ, ակնհայտորեն խելամտության դրսեւորումներ ունի, իսկ որ ամենակարեւորն է` «նրա սուբյեկտիվ կամքը բախտորոշ միջամտություն չի ունենում  երկրի համար»:

Լավ մարդ է, այսինքն, Սերժ Ազատիչը, չի վնասում երկրին իր միակենտրոն ՀՀԿ-ով` հասկանում ես: Բայց թե այդ լավ մարդն ինչու չի կատարել հենց այն սահմանադրությունը, որը նա կամենում է փոխել, չես հասկանում: Ի վերջո, այդ սահմանադրության հենց առաջին եւ երկրորդ հոդվածներու՛մ են սրանք գրված` «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հետաքրքիր է` ի՞նչ դժվար էր «լավ մարդ» լինելու փոխարեն` պարզապես իշխանագող չլինել: Առնվա՛զն՝ իշխանագող, որովհետեւ այս «լավ մարդու» եւ նրա գլխավորած ՀՀԿ-ի մնացած բոլոր արատներն, իհարկե, այս գլխավոր հակասահմանադրական հանցանքի արդյունք են:

Այնպես որ` եթե Գագիկ Հարությունյանի համարձակությունն ու պրոֆեսիոնալիզմը ժամանակին չներեցին` հենց այս ճշմարտությունը բարձրաձայնելու համար՝ ի՛ր խնդիրն է: Թող բավարարվի այդքանով եւ այլեւս մեզ չծանրաբեռնի իր անիմաստ հեքիաթներով…

 

Նախորդ հոդվածը‘Տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի եւ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի համատեղ քննարկումը’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն պատժամիջոցներով սպառնում է Կարմիր Խաչին’