‘Գոհար Սիմոնյան. Սերժի Հայաստանում հայերն ինտեգրվելու կարիք ունեն’

1841

Դեռ համալսարանական տարիներից եմ հիշում, որ սոցիալական հոգեբանության մեջ առանձնահատուկ կերպով էր քննվում «էմիգրանտի» կամ «օտարերկրացու համախտանիշ» կոչվածը: Սովորաբար վատ եմ սահմանումներ հիշում, բայց այս դեպքում, պարզվում է, ինքս ինձ գերազանցել եմ` ամեն բան տառ առ տառ հիշելով: Եւ այսպես` «Էմիգրանտի կամ օտարերկրացու համախտանիշն անձի կայուն հոգեվիճակ է, որն արտահայտվում է մշտական նյարդա-հոգեբանական լարմամբ, հոգեկան դիսկոմֆորտով, հնարավոր հասցվելիք ֆիզիկական կամ բարոյական հարվածների վախով, լեզվական խնդիրների պատճառով սոցիալական լուսանցքում հայտնվելու կամ միայնակ գտնվելու տագնապով, օտար սոցիալ-մշակութային միջավայրին չինտեգրվելու նյարդայնությամբ, հոգեբանական անպաշտպանվածությամբ ու նախկին սովոր միջավայրի նկատմամբ արտահայտվող ուժգնացող կարոտով»:

Այս ամենն, իհարկե, էմիգրացիայի, այսպես կոչված՝ չորրորդ` դեպրեսիվ փուլի արտահայտությունն է, որովհետեւ մինչ այդ, որքան հիշում եմ, կար առաջին էտապ, որը էյֆորիայի շրջանն էր, երկրորդ փուլ, որը տուրիստականն էր, եւ երրորդը, որը հայտնի է օրիենտացիոն շրջան անունով: Սա մի փուլ է, երբ մարդն արդեն ծանոթ է տվյալ երկրի ոչ միայն արտաքին հմայքին, այլեւ ներքին խնդիրներին, որոնք, անշուշտ, լարում են առաջացնում` իրենց հետ բերելով անխուսափելի` դեպրեսիոն շրջանը կամ արտագաղթյալի համախտանիշը:

Հոգեբանները կարծում են, որ այս շրջանում ուժեղ գտնվողներն ու հաջորդ` «Գործուն փուլ» անցնողները հատում են նաեւ սոցիալական ադապտացիայի կարեւոր շրջանը, դառնում առավել ադեկվատ, հրաժեշտ տալիս օտարերկրացու համախտանիշին եւ կատարելապես կամ գոնե մեծավ մասամբ ինտեգրվում նախկինում օտար, այժմ հարազատ դարձող միջավայրին:

Նույն այդ հոգեբանների կարծիքով, սակայն, այս փուլերը համարյա աննկատ են անցնում այն պարագայում, երբ որեւէ մեկը ներգաղթում է իր հայրենիք: Այսինքն` այնտեղ, որտեղ ծնվել եւ կյանքի մեծ մասն է անցկացրել: Հատկապես` մանկությունը եւ պատանեկությունը, որտեղ առաջին անգամ սիրահարվել է եւ այլն…

Այլ կերպ ասած` որքան էլ նոր իրողությունները «բթացրած լինեն» մարդու հիշողությունը, գենային կապվածությունն ու նախկին փորձառությունը սուր հոգեբանական իրավիճակներ չեն կարող առաջացնել. հընթացս կարող են, իհարկե, ամենատարբեր խնդիրներ ծագել` զուտ, օրինակ, կենցաղային պարզ համեմատության անցկացման հետ կապված, սակայն, գործը ինտեգրվելուն կարծես թե չի հասնում (պարզ է, որ մենք բացառությունների մասին չենք խոսում):

Այս ամենը` գիտության մեջ եւ մնացած բոլոր երկրներում:

«Սերժ Սարգսյանի Հայաստանի» պարագայում, սակայն, ամեն բան այլ է: Նրա կառավարությունում, փաստորեն, գլխիկոր խոստովանել են, որ գլխավորում են մի երկիր, որտեղ ո՛չ իր կամքով վերադարձող հայը, ճիշտ օտար միջավայրի նմանությամբ, վերինտեգրման կարիք ունի:

Ահա եւ ապացույցը` պաշտոնական հաղորդագրության տեսքով արտահայտվող:

«ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության  միգրացիոն պետական ծառայության, Նիդերլանդների Թագավորության անվտանգության, արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման եւ անհատական այլ կարիքների համար:

Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ»:

Կրկնում եմ. մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս 31, իսկ հետագայում` 37 միլիոն դրամը մեծավ մասամբ ծախսվելու է քաղաքակրթության ու բարոյականության հետ այդպես էլ չինտեգրվող մեր պաշտոնյաների կողմից, իսկ Նիդերլանդներից վտարվածները, ինչպես սիրիահայերի պարագայում պատահեց, մնալու են իրենք իրենց հույսին: Կարեւորն այստեղ ա՛յլ բան է. սրանք այնպիսի երկիր են «կառուցել», որում գիտությունն էլ է «դավաճանում», գեներն էլ. Սերժ Սարգսյանի Հայաստանում նույնիսկ մի քանի տարի դրսում ապրած հայերը ինտեգրման կարիք ունեն. եւ սա ուղղակի խայտառակություն է…

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Carrefour-ը Հայաստանում կբացվի ընթացիկ տարվա աշնանը’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնայից ու Մաթեուսից մինչև Մեսսին ու Մյուլերը (տեսանյութեր, լուսանկարներ)’