‘Գոտիները ձգեք. կյանքը թանկանում է’

1923

Չնայած իշխանությունների տարատեսակ խոստումներին` կյանքը Հայաստանում ժամ առ ժամ է թանկանում: Արդեն երկու-երեք օր է` Զատկին ընդառաջ՝ սովորականի պես թանկացել են ոչ միայն ձուկն ու հավկիթը, այլեւ բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Օրինակ` 50-100 դրամով թանկացել են բնական հյութերը,ինչի առիթով որեւէ ներկրող կամ տեղական արտադրող որեւէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացրել: Առնվազն 300 դրամի չափով բարձրացել են հալած յուղի գները: Նույնը` թռչնամսի պարագայում:

Սրան զուգահեռ` ծխախոտի շուկայում է տարօրինակ իրավիճակ արձանագրվել, ինչի մասին միայն «Գրանդ Տոբակոյի» ներկայացուցիչներն են խոսել` սպառողին հանգամանորեն ներկայացնելով իրավիճակը: Բանն այն  է, որ չնայած հայտարարվում է ծխախոտի յուրաքանչյուր տուփի` մոտ 10 դրամով թանկացման մասին, այդուհանդերձ, կան տեսակներ, որոնք թանկացել են 40-50 դրամի չափով: Կոնկրետ ծխախոտի պարագայում թանկացումը պայմանավորված է հարկերի ավելացմամբ, եւ չնայած Պետեկամուտների կոմիտեն ամեն գնով ցանկանում է «պլստալ իրավիճակից»` հայտարարելով, թե հարկերն ավելանալու են  2014 թվականից, ակնհայտ է, որ այստեղ պարզապես խաբում են սպառողին: Ավելի ճիշտ` իրենց հատուկ աճպարարությամբ եմ զբաղվում` խաղալով հաստատագրված վճարների եւ ավելացված արժեքի հարկի «միջակայքում»:

Բանն այն է, որ հաստատագրված վճարներն իսկապես էլ հաջորդ տարվանից են ավելացվելու այս ոլորտում զբաղվածների համար, բայց թե ինչու են «մոռանում», որ արդեն երրորդ տարին է` կառավարությունը տեղական արտադրողի համար ակցիզային հարկը թանկացնում է 15 դրամով, հայտնի չէ: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ այս պահը թանկացումներն ակնհայտ չեն եղել, «Գրանդ Տոբակոյի» ներկայացուցիչը, ով չցանկացավ հեռախոսով ներկայանալ, հուշեց, որ «իրենք երեք տարի թութունի պաշարներ են ունեցել եւ միայն դրա հաշվին են կարողացել սպառողի համար կոմֆորտային իրավիճակ ստեղծել»:

Փաստորեն՝ ստացվում է այնպես, որ առանց այդ էլ լարված տնտեսական տարին շատ շուտով «փլվելու է մարդկանց գլխին` նրանց ավերակների տակ թողնելով», քանի որ առջեւում դեռ գազի թանկացում է սպասվում, գումարած դրան` այն անհասականալի պրոցեսների արդյունքում ստեղծվելիք իրավիճակը, որ հնարավոր կդառնա տարադրամի շուկայի պատճառով:

Բանն այն է, որ ֆոնդային բորսայում դոլարի գինը կտրուկ թռիչք է արձանագրել` 411 դրամից դառնալով 415 դրամ: Սա նշանակում է, որ այսուհետ ներկրողը ապրանք կներմուծի ավելի թանկ գնով, քան մինչ այժմ էր ներկրում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ թանկացումն, ի վերջո, սովորական սպառողի գլխին են կոտրելու:

Երեկ արդեն Կենտրոնական բանկից տագնապալի լուրեր էին ստացվում այն մասին, որ իրավիճակն այստեղ հազիվ են վերահսկում ինտերվենցիայի, այսինքն` շուկա լրացուցիչ դոլար հանելու ճանապարհով: Բայց փորձագետները նշում են, թե այսպես երկար չի կարող շարունակվել հենց միայն այն պատճառով, որ  գնաճը, ուշ թե շուտ` դուրս է գալու վերահսկողությունից:

Ի միջի այլոց, փորձագետները նշում են, թե դոլարի կուրսի այսօրինակ պահվածքը բացատրվում է եվրոյի հետ կապված ռիսկերով: Այսինքն, քանի որ եվրոն հերթական անգամ բռնել է «տատանման ուղին», շուկայի մասնակիցների շրջանում որոշակի անվստահություն  է առաջացել դրա նկատմամբ` զուգահեռ ավելացնելով դոլարի նկատմամբ պահանջարկն ու վստահությունը հատկապես այս տարադրամի նկատմամբ: Մյուս կողմից էլ` սրանում, այնուամեյանիվ, ինչ-որ «հայկական տարօրինակություն» առկա է, քան որ նույն փորձագետները, օրինակ` FOREX CLUB-ից՝ Միքայել Վերդյանը, դեռ մի ամիս առաջ էր կանխատեսել նման իրավիճակ, բայց ոչ այս չափով: Եւ եթե հիմա նաեւ ցորենի համաշխարհային գների` 3,4% -ի չափով ավելացումն էլ Հայաստան «հասնի», վախենամ` կառավարությանը չփրկի նույնիսկ Համաշխարհային բանկի կողմից խոստացված 50 միլիոն դոլարը: Ինչո՞ւ` որովհետեւ, նախ, այդ գումարը խոստացվել է տրամադրել կառավարությանը չորս տարում, բայցի այդ` ի՞նչ մի լավ բան կա նրանում, որ ձախողակների կառավարությունը հերթական անգամ մեր պետական պարտքն է ավելացնելու` այն հասցնելով ՀՆԱ-ի հետ անթույլատրելի համամասնության:

Արդեն այս տարին պետական պարտքի մարման առումով ամենալարված տարին է`  նախորդ բոլոր տարիների  համեմատ, իսկ ողորմելի մեր բյուջեն, որ առանձնապես ռիսկային չէր համարվում, համաձայն ԿԲ-ից ստացվող լուրերի` «խիստ զգուշավոր լավատեսություն է ներշնչում կատարման առումով»:

Կարճ ասած` «ապահով Հայաստանի» կառուցումը հերթական անգամ հետաձգվում է այն պարզ պատճառով, որ իշխանության ղեկին չափազանց անպատասխանատու մարդիկ են կանգնած: Մեղմ ասած…

 

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Էդ մարդը երկու ամիս է խոսում է, ոչ մի ավարտուն միտք չի արտաբերել’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Անգլիացիները մտածելու տեղ ունեն’