Գվինեայում տապալվել է նախագահ Ալֆա Կոնդեն

624

Գվինեայի բանակային հատուկ նշանակության ուժերը հայտարարել են, որ տապալել են 83-ամյա նախագահ Ալֆա Կոնդեին և լուծարել են կառավարությունը։

Պաշտպանության նախարարությունը ցերեկը հայտարարել էր, թե հեղաշրջման փորձը տապալվել է, սակայն նախագահն այդպես էլ չի ներկայացել հանրությանը, իսկ հեռուստատեսությամբ անընդհատ ելույթ են ունենում խռովարարները։

Զինվորականները հայտարարել են, որ նախագահն իրենց մոտ է, հուսալի վայրում։ Նրանք պարեկային ժամ են մտցրել, փակել են երկրի սահմանները և կառավարության անդամներին կարգադրել են երկուշաբթի ներկայանալ արտահերթ նիստի։

Ինչպես հաղորդում են աշխարհի լրատվական գործակալությունները՝ հղում անելով ականատեսներին, կիրակի օրը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում, նախագահական նստավայրի մոտ, ակտիվ կրակոցներ են հնչել։ Այնուհետև զինվորականները փակել են միակ կամուրջը, որը թերակղզու վրա գտնվող Կալում շրջանը կապում է քաղաքի մնացած հատվածների հետ։ Կոնակրիի կենտրոնի բնակիչներին կարգադրվել է տներից դուրս չգալ, ամայի փողոցներում պարեկում են զինվորները։

Զինվորականները պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ նախագահ Ալֆա Կոնդեն տապալվել է և ձերբակալվել, իսկ կառավարությունը լուծարվել է։ Կոնդեի տապալման մասին ելույթով հանդես է եկել խռովարարների առաջնորդ, փոխգնդապետ Մամադի Դուբույան՝ շրջապատված մի քանի զինվորներով։ Նա հայտնել է, որ սահմանադրությունը կասեցված է, և խոստացել է, որ մշակվելու է երկրի  նոր հիմնական օրենքի նախագիծը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Ջոկովիչը հաղթեց Նիսիկորիին
Հաջորդ հոդվածըԿարլսենը՝ Aimchess US Rapid-ի հաղթող, Արոնյանը ևս կմասնակցի Champions Chess Tour-ի Grand Final-ին