Գվինեա Բիսաուի նախագահը հայտարարել է հեղաշրջման անհաջող փորձի մասին

486

Գվինեա Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն հայտարարել է, որ երկրում տեղի է ունեցել «հարձակում դեմոկրատիայի վրա», սակայն այժմ իրավիճակը վերահսկվում է, և մայրաքաղաքում վերականգնվում է կարգուկանոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բիսաուում կառավարության շենքի մոտ, որտեղ արտահերթ նիստն էր ընթանում նախագահի մասնակցությամբ, հրաձգություն է սկսվել, քաղաքի փողոցներում զինվորականներով լեցուն բանակային ավտոմեքենաներ են հայտնվել։

Դրանից հետո արևմտաաֆրիկյան երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում դատապարտում էին նախագահին տապալելու փորձը և զինվորականներին կոչ էին անում վերադառնալ զորանոցներ։

Ավելի ուշ նախագահն իր Facebook-ում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարում է, որ վտանգն անցած է. «Փառք աստծու, ես լավ եմ, իրավիճակը վերահսկողության տակ է»։

Էմբալոյի ասելով՝ հարձակման մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Նա հայտնել է նաև, որ դիմակայության ընթացքում ուժային կառույցների շատ աշխատակիցներ են զոհվել, սակայն չի նշել, թե նրանք ո՛ր կողմից են հանդես եկել։

Փոխանցում է BBC–ն։

Նախորդ հոդվածըՆորվեգական դատարանը մերժել է նեոնացիստ Բրեյվիքին վաղակետ ազատ արձակելու դիմումը
Հաջորդ հոդվածըԿրեմլում արձագանքել են Ջեն Փսակիին, որը Ռուսաստանը համեմատել է աղվեսի հետ