‘Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին’

1098

Այսօր Ստոկհոլմում հայտնի դարձավ 2014 թ. գրականության Նոբելյան մրցանակակրի անունը: Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին։

Աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի դափնեկրի անունը մինչև վերջին պահը խիստ գաղտնի էր պահվում: Նոբելյան կոմիտեի անդամները թեկնածուներին քննարկելիս օգտագործում են ոչ թե նրանց իսկական անունները, այլ կեղծանուններ: Օրինակ՝ անգլիացի դրամատուրգ Հարոլդ Փինթերինը Հարի Փոթեր էր, ֆրանսիացի Ժան-Մարի Գուստավինը՝ Լեկլեզյո Շատոբրիան, և այլն:

Հեղինակավոր մրցանակի համար թեկնածուներ կարող են առաջադրել Շվեդական ակադեմիայի և այլ երկրների համանման հաստատությունների անդամները, գրականության պրոֆեսորներն ու լեզվաբանները, նախորդ տարիների մրցանակակիրները և գրողական կազմակերպությունները:

Ամեն տարի հոկտեմբերին ակադեմիան 600-700 հրավեր է ուղարկում տարբեր երկրների իր գործընկերներին՝ խնդրելով մինչև հունվարի 31-ը թեկնածուներ առաջադրել, որպեսզի մինչև գարուն Շվեդական ակադեմիան կարողանա ընտրել դրանցից, նախ՝ 20 արժանավորների, ապա նրանց թիվը կրճատել մինչև 5-ը: Ամառվա ընթացքում ակադեմիայի անդամները մեկ անգամ ևս ծանոթանում են նոմինանտների ստեղծագործություններին: Նոր թեկնածուն ընտրվում է նիստի քվեարկության արդյունքում, անունը հրապարակելուց մեկուկես ժամ առաջ: Նոմինանտների այս տարվա ամբողջ ցուցակը կգաղտնազերծվի միայն 50 տարի անց՝ 2064 թ.:

Արդեն քանի տարի է՝ գրականության մրցանակի հավակնորդների մեջ ֆավորիտ էր համարվում ճապոնացի արձակագիր Հարուկի Մուրակամին: Փորձագետները նաև նշում էին, որ մրցանակակիրների թվում վաղուց չեն եղել Աֆրիկայի ներկայացուցիչներ, ուստի մրցանակը կարող էր ստանալ նաև քենիացի նովելիստ Նգուգի վա Տիոնգոն: Հավակնորդների շարքում նշվում էր նաև բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչի անունը:

Գրականության Նոբելյան մրցանակը վեց անգամ շնորհվել է Ասիայի ներկայացուցիչներին, չորսական անգամ այն ստացել են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի գրողները, 12 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայի, 83 անգամ՝ Եվրոպայի, մեկ անգամ՝ Ավստրալիայի:

Մրցանակակիրներից 11-ը կանայք են, մնացած 94-ը՝ տղամարդիկ: Նրանցից 24-ը գրել են կամ գրում են անգլերեն, 13-ը՝ ֆրանսերեն, 11-ը՝ գերմաներեն, 7-ը՝ շվեդերեն, 5-ը՝ ռուսերեն և մեկը՝ չինարեն:

Ըստ ТАСС-ի:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվն աճում է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական բանակը նոր «զինվորական ողջույն» կունենա’