‘Գ. Ջհանգիրյան. «Հանձնարարեք բողոքարկել ու բեկանել մի քանի տասնյակ անհիմն ու ապօրինի դատական ակտերը» ‘

1049

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ ելույթ է ունեցել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջերս հաճախ ենք տեղեկանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումների մասին, որոնցով ճանաչվում են մեր քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման փաստերը և Հայաստանին պարտավորեցնում նրանց տասնյակ հազարավոր դոլարներ փոխհատուցել:Ահավասիկ, վերջինը Բուզանդի փողոցի սեփականատերերի իրավունքների ոտնահարման փաստերի ճանաչումն էր:

Նկատենք, որ Մարդու իրավունքների  դատարանում իրենց հերթին են սպասում ՀՀ քաղաքացիների՝ ընդդեմ Հայաստանի գրեթե հազար գանգատներ: Գաղտնիք չէ, որ բողոքարկված դատական ակտերի մի ստվար հատված վերաբերում է այնպիսի գործերի, որոնք ակնհայտորեն քաղաքական պատվերի ու հարկադրանքի արդյունք են: Չթերագնահատելով դրանցից և ոչ մեկը՝ ցանկանում եմ կանգ առնել «Մարտի 1-ի գործերով» ապօրինի կալանված ու դատապարտված անձանց գանգատների խնդրի վրա: Դրանցից 5-6-ով Եվրոպական դատարանը արդեն Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ ու բացատրություններ է պահանջել: Վստահ եմ, որ միայն այս խմբի անձանց բողոքներից բավարարվածները առնվազն երկու-երեք տասնյակ են լինելու: Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ ՀՀ քաղաքացու այս կամ այն իրավունքի խախտման փաստը ճանաչելով և  փոխհատուցում վճարելով՝ խնդիրը չի ավարտվում:Ես կասեի՝ դրանով սկսվում է նախադեպային այդ որոշումների երկրորդ՝ առավել երկարատև կյանքը: Դրանք մտնում են Եվրոպական իրավական շրջանառության ոլորտ,վկայակոչվում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներպետական օրենսդրության  կիրառման ընթացքում, ցիտվում են  նաև Խորհրդի անդամ երկրների քաղաքացիների կողմից Մարդու իրավունքների դատարան ուղղվող գանգատներում: Այնպես որ՝ հարցի  նյութական, ֆինանսական կողմը, որքան էլ կարևոր,այնուամենայնիվ՝ տասներորդական է, եթե խնդիրը դիտարկում ենք Հայաստան պետության հեղինակության ու միջազգային վարկի տեսանկյունից:

Մինչ ԵԽԽՎ N-1900 բանաձևի ընդունումը, Եվրոպական չինովնիկները հրաժարվում էին «Մարտի 1-ի գործերով» կալանված ու դատապարտված անձանց ճանաչել քաղբանտարկյալներ, իսկ մեր իշխանությունների համար մենք անխտիր քրեական հանցագործներ  էինք:  Բանաձևի ընդունմամբ ակնհայտ է, որ մեզ վրա լիովին տարածվում են բանաձևում վկայակոչված բոլոր հինգ չափորոշիչները: Ասվածը վերաբերում է նաև ու նախևառաջ՝  նախորդ գումարման ԱԺ-ի Ձեր չորս գործընկեր — պատգամավորներին:

Հիշատակված բանաձևում «Վեհաժողովը հրավիրում է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին՝ վերագնահատել բոլոր հավանական քաղաքական բանտարկյալների գործերը կամ վերսկսել նրանց վերաբերյալ վարույթները»:

Կարծում եմ, որ իշխող կոալիցիան, թեկուզ հետին  թվով, հնարավորություն ունի քավելու իր գործընկերների վերաբերյալ չպատճառաբանված  քաղաքական քվեարկության իրավական ու բարոյական մեղքերը:

Հանձնարարեք Ձեր անկախ «դատարաններին» և «միայն օրենքին ենթարկվող» գլխավոր դատախազին՝ բողոքարկել ու բեկանել մի քանի տասնյակ անհիմն ու ապօրինի դատական ակտերը, ինչով Հայաստան պետությանն ու նրա դատական մարմիններին հնարավորություն կտաք խուսափել հավելյալ վարկաբեկումից»:

Նախորդ հոդվածը‘Մրցավարը դաշտից հեռացրել է 36 ֆուտբոլիստի’
Հաջորդ հոդվածը‘Շախտյոր» — «Չելսի». Ո՞վ կհաղթի հսկաների ճակատամարտում’