‘Շախտյոր» — «Չելսի». Ո՞վ կհաղթի հսկաների ճակատամարտում’

942

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի առաջին խաղային օրվա գլխավոր հանդիպումը՝ անկասկած տեղի կունենա Դոնեցկում՝ «Շախտյոր» — «Չելսի»:

Այս հանդիպումը հսկայական հետաքրքրություն է առաջացրել ամբողջ Եվրոպայում: Հանդիպում են Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն ու այս մրցաշրջանում ֆանտաստիկ խաղ ցուցադրող «Շախտյորը»:

Երկու թիմեր, որոնք այս մրցաշրջանում չեն ճաշակել պարտության դառնությունը, որոնք վստահորեն գլխավորում են իրենց ազգային առաջնությունների մրցաշարային աղյուսակները:

«Չելսին» նախորդ մրցաշրջանի համեմատ, որը կարելի է համարել ամենահաջողակը, այս տարի զգալիորեն փոխել է իր մարտաոճը: Ձեռք բերելով Ազարին եւ Օսկարին, լոնդոնցիների ֆուտբոլը ավելի բազմազան, վիրտուոզ եւ ստեղծագործական դարձավ: Անցյալում է մնացել չոր պաշտպանական ֆուտբոլը: Անգլիայի առաջնությունում «Չելսին» 8 խաղում 19 գնդակ է խփել, եւ բաց թողել ընդամենը 6-ը: Վերջին շրջանում պարզապես փայլում է Խուան Մատան, որը յուրաքանչյուր խաղում գոլերի եւ գոլային փոխանցումների հեղինակ է դառնում: Դի Մատեոյի թիմը էականորեն տարբերվում է Ժոզե Մոուրինյոյի ժամանակների թիմից, առաջին հերթին իր թեթեւությամբ եւ թիմային խաղով:

Ինչ վերաբերում է «Շախտյորին», ապա գոնե հայկական մամուլում ոչ մի ակումբ այսքան չի լուսաբանվում, ինչպես Ուկրաինայի չեմպիոնը: Հիմնականում սա պայմանավորված է Հենրիխ Մխիթարյանի գործոնով: Լուչեսկուն վերջապես կարողացավ ճիշտ օգտագործել Մխիթարյանի հնարավորությունները՝ նրան ավելի առաջ քաշելով եւ գործողությունների ազատություն տալով: Հենրիխի առավելություններն այստեղ անմիջապես արդյունք տվեցին, այն էլ այնպիսին,  որ այժմ հայ ֆուտբոլիստի անունը գրեթե չի իջնում աշխարհի առաջատար մարզական լրատվամիջոցների էջերից եւ էկրաններից: Բնականաբար, այժմ եվրոպական գրանդ ակումբները ուշադրությամբ են հետեւում Մխիթարյանի խաղին: Այս տեմպով շարունակելու դեպքում Ուկրաինայի առաջնության գլխավոր ռմբարկուն հաջորդ տարի կարող է նոր էջ բացել իր մարզական կարիերայում:

Սակայն «Շախտյորը» միայն Մխիթարյանը չէ: Լուչեսկուն Դոնեցկում իր երկարամյա գործունեության ընթացքում թերեւս ամենաուժեղ թիմն է պատրաստել: Խաղային բոլոր օղակների միջեւ կատարյալ ներդաշնակություն, բարձր եւ արագ տեմպ ամբողջ խաղի ընթացքում, առաջին համարով խաղալու ունակություն, գրոհների բազմազանություն. սա է «Շախտյորի» այսօրվա այցեքարտը:

Այսօր մեզ սպասում է երկու հսկաների ճակատամարտ, որը անտարբեր չի թողնի մարզասերներին:

«Շախտյոր» — «Չելսի»

Հոկտեմբերի 23, «Դոնբաս Արենա», 22:45

Մրցավար՝ Դամիր Սկոմինա

Բուքմեյքերական միջինացված գործակիցները. «Շախտյորի» հաղթանակ՝ 2,5, ոչ-ոքի՝ 3,4, «Չելսիի» հաղթանակ՝ 2,65

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. «Հանձնարարեք բողոքարկել ու բեկանել մի քանի տասնյակ անհիմն ու ապօրինի դատական ակտերը» ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’