‘Դաշնակցություն ժողով արեց’

5809

Դաշնակցություն ժողով արեց, իշխանության վերջ որոշեց:

Դուրս եկավ Դաշնակցություն կոալիցիայից` դեպի փողոց, արեց միտինգ, ասաց` նախագահ, մի զիջիր: Հետո Դաշնակցություն էլի ժողով արեց, իշխանությանը «մահ» որոշեց: Մտավ Դաշնակցություն քառյակ, նախարարին անվանեց «չաթլախ», քառյակի հետ հրապարակեց 12 կետանոց պահանջ, որոնք եթե չկատարվեն, համատեղ իշխանափոխություն կպահանջի: Հետո քառյակը դարձավ եռյակ, հետո Սերժ Սարգսյանը բռնի ուժով քաղաքականությունից հեռացրեց անդամ կուսակցություններից մեկի ղեկավարին: Դաշնակցություն ժողով արեց նորից, Դաշնակցություն լռեց: Հետո Սերժն ասաց՝ գնում ենք դեպի սահմանադրական փոփոխություն, եւ Դաշնակցություն ժողով արեց, ու ինքն էլ գնաց դեպի նախագահական։ Չէ՛, գրավելու համար չէ, Կարլ, ոչ էլ՝ Բաղրամյանը «արյան ծով դարձնելու»:

Գնաց ու մտավ նախագահական: Բառիս բուն իմաստով: Նկարվեց Սերժի ֆոնին ու «այո» ասաց Սերժի պլանին: Ասաց՝ այո, ու դրանից հետո պարզվեց, որ իշխանությունները վատը չեն այնքան, ինչքան որ ինքն էր ասում, եւ որ ունե՛ն նրանք կամք քաղաքական՝ տանել երկիրը դեպի նոր կառավարում: Եւ լծվեց նա քարոզին «այո»-ի, որ իրականում քարոզն էր Սերժի, «հիմնավորեց» այնպես, ինչպես իսկի հանրապետականները չէին կարողանում «հիմնավորել» փոփոխությունների իմաստը սահմանադրական, պարզեց, որ ամեն ինչի մեղավորը Սահմանադրությունն էր, եւ հետեւաբար, իր՝ Դաշնակցության բողոքն էլ այլեւս ոչ Սերժ Սարգսյանին էր ուղղված, ոչ` հանրապետականներին, ոչ էլ` նրանց միահեծան կառավարմանը, այլ` Սահմանադրությանը, զի իշխանությունը թալանում ու կառավարում էր միահեծան, որովհետեւ այդ իրավունքը սրան Սահմանադրությունն էր տվել, սա էլ խեղճ-խեղճ ենթարկվում էր Սահմանադրության պահանջներին: Դաշնակցություն գրոհ արեց ու «արյան ծով»-ի վերածեց Մայր Օրենքը` Սահմանադրությունը:

Ու թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր, որովհետեւ պարզվեց, որ Դաշնակցություն չտեսավ քվեարկության ժամանակ ոչ խախտում, ոչ լցոնում, ոչ բռնություն, ոչ կաշառք, ոչ էլ՝ ահաբեկում: Ճիշտ է, շարքային բազում անդամներ ականատես եղան դրան, նրանցից ոմանք նույնիսկ դրա մասին հրապարակավ հայտարարություններ արեցին, բայց պաշտոնական՝ ամեն ինչ լավ էր, Բաղդադում էլ` հանգիստ ու խաղաղ:

Եւ երբ Սերժ Սարգսյանը (մի կերպ, բայց դե՝ ամեն դեպքում) հորով-մորով արեց քվեարկությունը, Դաշնակցություն ժողով արեց էլի ու որոշեց նորից մտնել կառավարության կազմ` կոալիցիա: Հետո հասկացան, որ ընտրություններից առաջ նորմալ երկրներում սովորաբար կոալիցիան չեն կազմում, անունը դրեցին համագործակցություն: Դաշնակցություն ժողով արեց ու գրավեց նախարարական երեք պորտֆել, մի երկու մարզպետի պաշտոն: Երկու հազար տասնվեց թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին, հայոց արտերում ինչ բերք էր հասել՝ դժվար է ասել, բայց ահա Դաշնակցության այգում քաղաքական առեւտրի հունձքն «առատ» էր, երեք պորտֆել վաղուց չէին տեսել:

Հ.Գ. Մնում է միայն, Կարլ, որ Դաշնակցություն ժողով անի ու հայտարարի, որ իրականում իրենք թաքնված պլանով կատարել են Բաղրամյանի ցուցարարների պահանջը`Աշոտյանին «հեռացնելու» հետ կապված: Մարդիկ հեռանալու պահանջ ներկայացրին Աշոտյանին, ու դրանից հետո Դաշնակցություն որոշեց, որ եթե Աշոտյանը չի հեռանում «լավով», ապա իրենք դա կիրականացնեն «վատով»՝ կհամագործակցեն Սերժ Սարգսյանի հետ, սահմանադրական աջակցության դիմաց պաշտոնների շուրջ առեւտուր կանեն ու կպահանջեն ԿԳ նախարարի պաշտոնը, կստանան ու կհեռացնեն Աշոտյանին: 

Նախորդ հոդվածը‘Մադոննայի նախկին սիրեկանը տուգանվել է Ժան-Մարի Լը Պենի հետ սելֆի անելու համար’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը՝ «Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը» ‘