‘Դավիթաշենի նախկին թաղապետ. «Չեբուրաշկայի» գովեստը կարող է որպես քծնանք դիտվել’

2883

Ilur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանը:

— Դավիթաշենում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Չեբուրաշկայի մուլտֆիլմի հայտնի դրվագները հիշելիս մի կին հնչեցրեց նաեւ ձեր անունը` «ստրոիլ Արթուր Գեւորգյան, ստրոիլ Ռուսլան Բաղդասարյան, դա տակ պաստրոիլի, որ մենք հարցեր չունենք ձեզ տալու»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

— Այդ կինը շատ սովորական քաղաքացի է, որը բնակվում է Դավիթաշենում: Կարծում եմ` նա որեւէ միտում չի ունեցել որեւէ մեկին վիրավորելու կամ բան ասելու: Իսկ ես աշխատել եմ այնպես, ինչպես աշխատել եմ: Այդ կինն էլ ինքն է որոշել` ինչպես արտահայտի իր գնահատականը:

— Տպավորություն է, որ ձեր կուսակցությունում նման տիպի քծնանքն ընդունված երեւույթ է:

— Լրատվական դաշտը հարաբերական է, ինչպես ուզում է, այնպես ներկայացնում է: Հիմա մարդ է, իր ընտրած խոսքով, լակոնիկ տոնով է փորձել արտահայտել իր ցանկությունները: Դուք սա համարում եք քծնա՞նք: Նա դրանից հետո նաեւ հարցազրույց էր տվել, մարդն իսկապես նկատել է փոփոխություններ Դավիթաշենում եւ այդպես է իր վերաբերմունքն արտահայտել:

— Ի՞նչ եք կարծում` այդ խոսքերով նա օգնե՞ց Սերժ Սարգսյանին, բարձրացրե՞ց նրա վարկանիշը, թե՞ ընդհակառակը:

— Ես չեմ կարծում, որ դա օգնում կամ գցում է վարկանիշը: Դա ավելի շատ տվյալ քաղաքացու, զուտ անձնական խնդիր էր: Եվ այդ քաղաքացին, ըստ իր հարցազրույցի, ամենեւին էլ վատ չի զգում իր արածից, իր խոսքերից:

— Իսկ դուք այդ պահին ձեզ ո՞նց զգացիք, երբ այդ կինն ասաց. «Ստրոիլ Արթուր Գեւորգյան»…

— Իհարկե, հաճելի չէ, երբ նման միջավայրում առանձնացնում ու շեշտում են ձեր անունը, որովհետեւ, կարող է դա կողքից դիտվել որպես քծնանքի մոտեցում, պլանավորած խոսք:

— Այս քարոզարշավը լեցուն էր տարբեր տեսակի «վրիպակներով». «Չեբուրաշկայի պատմությունը» չավարտված, եղան Սերժ Սարգսյանի խոսքերը Եռաբլուրում իրեն մոտեցած կնոջը. «Եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», հետո` Մովսես գյուղում ծերունուն Ս.Սարգսյանի հանդիմանությունը` «այդպես եք անում, որ խիարը թարս է բուսնում»: Նման դեպքերին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Սա առօրյա է, եւ առօրյայում հնարավոր են տարբեր տիպի վիճակներ: Դրանով էլ պարզ է դառնում, որ ոչ մի բան, ոչ մի խոսք պլանավորված չէ, Սերժ Սարգսյանին մոտենալու համար մարդկանց չեն ընտրում: Ցանկացած պատահական քաղաքացի կարող է նրան մոտենալ, անգամ` կիսախելագարները:

— Ձեր կարծիքով` նման բառապաշարով խոսելը որքանո՞վ է հարիր երկրի առաջին դեմքի համար:

— Ես ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել, որակավորումներ տալ, որովհետեւ ես այդ պահին այնտեղ չեմ եղել: Ամեն խոսքի, բառի տակ կա պահի դրությունը:

— Հասարակությունը բավական վատ է ընդունել այդ խոսքերը:

— Ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը խելագարվում է շատ կիրթ խոսելու համար, եւ իրենց համար շատ խորթ է նման խոսելաոճը: Շատ դեպքերում պետք է խոսես հասարակությանը հասանելի լեզվով: Երբ բժիշկը մեզ հետ խոսի լատիներեն, մենք նրան կդնենք խելագարի տեղ:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

Նախորդ հոդվածը‘Թալիբների կողմից վիրավորված 15-ամյա իրավապաշտպանը պատրաստ է կյանքը զոհել հանուն գործի’
Հաջորդ հոդվածը‘Փարիզուհիներին պաշտոնապես թույլատրվել է շալվար կրել’