‘Դավիթ Հարությունյան. Փոստանջյանի հարցը վկայում է Հայաստանում ժողովրդավարական տարրերի առկայության մասին’

1033

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջին անգամ չէ միջազգային ամբիոններից հանդես գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Ընդդիմադիր պատգամավորի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից վկայում է Հայաստանում ժողովրդավարական տարրերի առկայության մասին»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում ԱրմԻնֆոն:

Մեկնաբանելով Հայաստանում հնչող մեղադրանքները, թե Սերժ Սարգսյանին հարց տալու հնարավորություն Փոստանջյանն ստացել է այն բանի արդյունքում, որ վերջինիս իր «հերթը» զիջել է կառավարող կուսակցությունից պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը`Հարությունյանը նշել է. «Սահմանված կանոնների համաձայն, եթե պատվիրակության հիմնական կազմը հարցեր չունի, այդ հնարավորությունը տրվում է լրացուցիչ կազմին, և Հայաստանն, անշուշտ, հետևում է սահմանված բոլոր կանոններին»: Մեկնաբանելով ՀՀ նախագահը ելույթը ԵԽԽՎ-ում`Հարությունյանը նշել է, որ դա Սարգսյանի ամենահաջող ելույթներից մեկն էր:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ամբիոնից ելույթ ունեցող Սերժ Սարգսյանից հետաքրքվել է, թե նա ինչ միջոցներից է վճարել 70 մլն եվրո, որն իբր վերջերս տանուլ է տվել Եվրոպայի խաղատներից մեկում: Սարգսյանն իր հերթին այդ հայտարարությունը համարել է պատգամավորի երևակայության արգասիք` նշելով, որ երբեք խաղատանը չի եղել և մոլի խաղեր չի խաղում: ՀՀ պատգամավորի հարցը քննադատության ալիք է բարձրացրել Հայաստանում: Կառավարող ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ նույնիսկ մեղադրել են նրան թուրք-ադրբեջանական լոբբիի հետ կապի մեջ:

Իսկ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր այն վարկածը, համաձայն որի՝ Փոստանջյանը հարցը նախորոք համաձայնեցրել է իշխանությունների հետ, ինչը վերջիններիս թույլ կտա հայտարարել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և որ, ասենք, Բելառուսի պատգամավորը երբեք չէր համարձակվի երկրի ղեկավարին նման հարց ուղղել: Փաստորեն, այսօր Դավիթ Հարությունյանը հենց այս կերպ է մեկնաբանել տեղի ունեցածը:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Ռշտունին ընտրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Սաքունց. Աղվան Հովսեփյանը լավ էր գիտակցում խորհրդարանի էությունը’