‘Դատավորի առողջությունը հյուպատոսի պաշտոնում’

1436

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը, պետք է անցնի դիվանագիտական աշխատանքի, մասնավորապես՝ նշվում էր, որ նա նշանակվելու է հյուպատոս Օդեսայում: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում վերջինս ո՛չ հաստատեց եւ ո՛չ էլ ժխտեց այդ  տեղեկությունը՝ ասելով. «Նման լուրերը հաստատվում են՝ նշանակման մասին պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 12-ին Արդարադատության խորհուրդը քննարկել էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը: Արդյունքում՝ Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվեցին: Սակայն այս պարագայում հատկանշականն այն  պատճառաբանությունն էր, ինչը պաշտոնը ազատելու առիթ էր հանդիսացել: Հիշեցնենք, որ Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն էր ձեռք բերել: Գիտահետազոտական շրջանակները առայժմ չեն հստակեցրել, թե որ հիվանդությունները կարող են դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտ հանդիսանալ, չեն հստակեցվում նաեւ Օդեսայում հյուպատոս աշխատելու համար անհրաժեշտ առողջական տվյալները: Ուշագրավ է այն, որ վերջին ժամանակներում Սերժ Սարգսյանը դիվանագիտական ներկայացուցչական կառույցների ղեկավարների նշանակումները կատարում է՝ հաշվի չառնելով տվյալ անձանց մասնագիտական ընդունակությունները: Յուրիկ Վարդանյանը ակնառու օրինակներից մեկն էր: Ինչեւէ, կնշանակվի՞ Սուրիկ Կոստանյանը հյուպատոս թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, իսկ միգուցե եւ՝ նրա որդու աշխատանքի արդյունավետությունը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալացին Lego-ով վերականգնել է Պոմպեյը’
Հաջորդ հոդվածը‘Տոնակատարությունները հենց նրա համար են, որ զոհված զինծառայողների հարազատների վիշտը նաև հանեն. Ս.Օհանյան («Հրապարակ»)’