‘Դատարանը կքննի Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հայցը’

1381

«168 Ժամ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 30-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:

Հայցով Ս.Խաչատրյանը պահանջել է հերքել իր պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:

Պատասխանողի շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Այս թեմայի շուրջ թղթակիցը զրուցել է փաստաբանի հետ, ով հարցին, թե Ս.Խաչատրյանի ներկայացրած հայցը որքանով է հիմնավոր, պատասխանել է, որ այս պահին ձեռնպահ կմնա մեկնաբանություններ տալուց, սակայն նշել է, որ Ս.Խաչատրյանը դատարան է դիմել այն բանի համար, որ Ս.Հարությունյանը հրապարակավ հայտարարել է՝ 1992թ. Սուրիկ Խաչատրյանի կողմից մի կնոջ վրա կրակելու մասին:

Միաժամանակ, Մ.Շուշանյանն իր խոսքում նշել է, որ իրոք այդ կնոջ վրա կրակոց եղել է, այդ առթիվ հարուցված է եղել քրեական գործ, սակայն հետագայում այդ քրեական գործն անհայտ հանգամանքներում ընթացք չի ստացել:

Փաստաբանը նաև հավելել է, որ այդ ժամանակից ի վեր՝ եղել են բազմաթիվ հրապարակումներ, որտեղ ուղղակիորեն հիշատակվել է Սուրիկ Խաչատրյանի անունը՝ որպես այդ հանցագործության հեղինակի. «Զարմանալի է, որ որևէ անգամ Սուրիկ Խաչատրյանը չի փորձել իր պատիվը և ոտնահարված արժանապատվությունը պաշտպանել և միայն այս դեպքում է որոշել պաշտպանել: Մենք մեր տրամադրության տակ բավականին ապացույցներ ունենք, որ այդ դեպքի մասին պարբերաբար լրատվությունը հրապարակավ հնչեցրել է»,- ասել է Մ.Շուշանյանը:

Թղթակցի այն հարցին, թե Ս.Հարությունյանը խոսել է Ս.Խաչատրյանի բազմաթիվ հանցագործությունների մասին, արդյոք միայն մատնանշված հրապարակման մեջ ասվա՞ծն է Ս.Խաչատրյանը պահանջել հերքել, փաստաբանը պատասխանել է, որ միայն այս և մեկ այլ դեպքով, որը տեղի է ունեցել 1996թ.: Վերջինը կապված է Գորիսի բնակիչ մի երիտասարդի՝ նորից ծանր հրազենային վնասվածք հասցնելու հետ: Մ.Շուշանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ բացի հրապարակային ներողություն խնդրելու հայցից, Ս.Խաչատրյանը նաև՝ որպես փոխհատուցում, 1,5մլն. դրամի պահանջ է ներկայացրել:

Նախորդ հոդվածը‘Ծառը փակել էր Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը (լուսանկարներ) ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել’