‘Դերոն լրիվ իրեն կորցրել է. Մամուլ’

1746

Առողջապահության նախարարությանը դեռևս անցած շաբաթ պետք է մատակարարվեր «Սելսեպտ» դեղամիջոցը, որի օգտագործումը ցուց­ված է երիկամների փոխպատվաստման ժամանակ:

Դեղամիջոցի մատակարարման մրցույթում հաղթել է «Վագա- ֆարմ» ընկերությունը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, թե պարզվում է, որ ներկրող այս ընկերությունը ճիշտ ժամանակին կատարել է իր պարտավորությունները և սահման­ված ժամկետում ներկրել դեղամիջոցը: Իսկ թե ինչու՞ այն հասցեատի­րոջը չի հասցվել՝ այնքան էլ չի տեղավորվում նորմալ տրամաբանու­թյան մեջ: Խնդիրն այն է, որ այդ դեղատեսակի հետ ընկերությունը ներկրել է նաև այլ դեղամիջոցներ, որոնց թվում նաև «Ռոցեֆին», որի փաթեթին, ՝ բացի անգլերեն մակնշումից, լրացուցիչ առկա է նաև դե­ղի ազդող նյութի լատիներեն մակնշումը, որը լիովին համապատաս­խանում է օրենսդրության պահանջներին: Սա պատրվակ է դարձել, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը դեղը համարի չգրանցված՝ այս դեղի հետ արգելելով նաև նույն խմբաքանակով ներկրված բոլոր մյուս դեղերի ներմուծումը (այդ թվում՝ «Սելսեպտի», թեև այս դեղի հետ կապված որևէ խնդիր չկա):

Ներկայումս «Վագա-ֆարմ» ընկերությունը մրցույթի պայմաններն իբր չկատարելու համար օրական պետք է տու­գանքներ վճարի: Թերթի թղթակցի հետ զրույցում «Վագա Ֆարմ» ընկե­րության տնօրեն Վահե Վարսանյանը ստեղծված իրավիճակին տվել է բավական կոշտ մեկնաբանություն:

«Հերթական այս դեպքը ցույց է տալիս, որ գործ ունենք բանականու­թյան բացակայության կանխավարկածի հետ: Այդ հիմնարկի ղեկավա­րությունը՝ Թոփչյան Հակոբի գլխավորությամբ, լրիվ իրեն կորցրել է: Նույ­նիսկ իմաստ չկա արդեն արձանագրել, որ տեղի է ունենում կամայակա­նություն և անօրինականություն: Մեր հիմնական գործերը թողած՝ ժա­մանակը վատնում ենք դրանց կատարած անօրինականությունների պատճառով հասցված վնասների դեմն առնելով:

Նմանօրինակ մի շարք դեպքերի հետ կապված՝ դիմել ենք նրանց վերադաս մարմնին՝ առողջապահության նախարարին: Անօրինականությունների, պատճառած վնասների հանդեպ՝ քար անտարբերություն: Ոչ մի արձագանք՝ ոչ դրական, ոչ բացասական: Դերոն լուռ է»:

Նախորդ հոդվածը‘Արտագաղթի ևս մեկ պատճառ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Շարիկ գլորելը» ավելի էժան կնստեր. Մամուլ’