‘«Դրածո եւ գտածո» օպերացիան եւ իշխանության խնդիրները’

2380

Հայաստանում առկա խնդիրները շատերը պայմանավորում են միջազգային հանրության «Դրածո» օպերացիայով, երբ Արեւմուտքը, առաջին հերթին՝ ի դեմս ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանը, փորձում են լեգիտիմություն շնորհել դրա կարիքը խիստ զգացող Սերժ Սարգսյանին՝ այս կամ այն հարցերում զիջումներ կորզելու համար: 

Անշուշտ, Հայաստանի ներիշխանական իրավիճակում այդ հանգամանքն ունի զգալի դերակատարում, սակայն առկա իրավիճակը միայն դրանով բացատրելը թերեւս կնշանակի շատ նեղացնել խնդիրը: Բուն խնդիրն, ըստ ամենայնի՝ ավելի ընդգրկուն է, քան զուտ «դրածո»-ության հարցը:

Հայաստանում խոշոր առումով իշխանափոխություն թույլ չտալու խնդիր է լուծվում, որում «Դրածո» օպերացիան առավելապես տեխնիկական մաս է: Բանն այն է, որ ի հեճուկս Սահմանադրության՝ Հայաստանում այսօր նախագահի պաշտոնը միապետական պաշտոն է, երբ տնօրինողը տնօրինում է ամբողջ իշխանությունը՝ պետական եւ Աստվածային կարգերի համաձայն, գրեթե այնպես, ինչպես ընդունված է միապետական երկրներում:

Հայաստանում լինել նախագահ՝ նշանակում է լինել իշխանություն, ունենալ իշխանություն: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը սեփական «ուժերով» չէր կարող այդ ամենն ունենալ, դա կամ գոնե դրա հնարավոր մասը նրան մատուցվեց դրսից՝ «սկուտեղի վրա»: Սարգսյանը «նախագահ է աշխատում» արդեն 5 տարի, «վերընտրվեց» երկրորդ անգամ, բայց բոլորի համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ինքն իրենով՝ ունի իշխանության լուրջ խնդիր, որը որեւէ կերպ չի կարողանում լուծել՝ բավարարվելով նվազագույնով եւ ընդամենը թույլ չտալով, որ իշխանության խնդիրը լուծի որեւէ այլ անհատ կամ թիմ: Ավելի ճիշտ՝ նրան օգնում են թույլ չտալ:

Բայց չմոռանանք, որ Սարգսյանն արդեն երկրորդ ժամկետն է պաշտոնավարում, եւ այն, ինչ նա կարող էր խոստանալ եւ չանել առաջին «նախագահության ժամանակ», այլեւս չի կարող նույնկերպ չանել՝ այս անգամ: Ասել է թե՝ «Դրածո»-ությունն արդեն կոնկրետ փորձանք է դառնալու Սարգսյանի գլխին:

Բանն այն է, որ Սարգսյանի՝ միջազգային հանրության առաջ ստանձնած խոստումների պատասխանատվության հարցն աստիճանաբար սրվում է աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկային զուգահեռ: Իսկ դա նշանակում է թե՛ արտաքին խնդիրների, թե՛ որպես այդ ամենի հիմք կամ հենք՝ ներքին իրավիճակի որակական փոփոխություններին ուղղված լրջագույն քաղաքական որոշումների կայացում:

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում է նորից խուսափել այդ որոշումներից եւ ժամանակ ձգել՝ անցկացնելով նաեւ երկրորդ ժամկետը, միեւնույն ժամանակ, իհարկե, խոստանալով միջազգային հանրությանը, որ ինքը կկայացնի այդ կարեւոր որոշումները:

Իհարկե, Սարգսյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի ժամանակ ձգել: Մյուս կողմից՝ Սարգսյանը նաեւ հույս ունի, որ միայն ինքը կշարունակի դրսի համար ընկալվել որպես «բոլոր խնդիրները լուծելու» (եւ առաջին հերթին՝ ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները) խոստումներ տվող գործիչ՝ ներքին լսարանի համար քարոզչական տեղեկություններ տարածելով այն մասին, թե ինքը մի կերպ կպլստա, իսկ ահա, եթե որեւէ մեկը ցանկանա աչք դնել իր պաշտոնի վրա, ապա նա իր որոշումները «կժառանգի» նրան:

Որակական ներքին փոփոխությունների, ինչպես նաեւ արտաքին խնդիրներում լուրջ որոշումների հարցը կանգնած եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի առաջ, սակայն Քոչարյանին հաջողվեց հեշտությամբ անցկացնել այդ ժամանակը՝ բարենպաստ աշխարհաքաղաքական եւ համաշխարհային տնտեսական կոնյուկտուրայի շնորհիվ, երբ համաշխարհային մթնոլորտը ճնշող չէր: Սերժ Սարգսյանի վրա այդ մթնոլորտային ճնշումը մեծ է, ինչն ավելի սրացավ մարտիմեկայան սպանդից հետո, երբ, իշխանությունը, մի կողմից՝ կրակեց խաղաղ ցուցարարների վրա, մյուս կողմից էլ՝ բանտերը լցրեց հարյուրավոր քաղբանտարկյալներով: Այդ ամենի համար գոնե առայժմ պատասխան չտալու համար Սարգսյանը պատրաստ եղավ ցանկացած զիջման, եւ փաստացի միջազգային հանրության համար դարձավ մի գտածո:

Ընդ որում, Հայաստանի իշխող համակարգն անգամ այսօր հասկանում է, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետ թեւակոխած Սարգսյանը անխուսափելիորեն պետք է արդարացնի այն սպասելիքները, որոնք միջազգային հանրությունը եւ ,մասնավորապես, ԱՄՆ-ն նրանցից ակնկալում են ՝ որպես գտածոյից:  

Ու ամենեւին զարմանալի չէ, որ այս ամենի ֆոնին իշխանական ԶԼՄ-ները զբաղված են «ո՞վ է լինելու ժառանգորդը» կոդերի տարածմամբ՝ նշելով, թե «ժառանգորդն», ըստ էության ՝տեխնիկական ֆունկցիա է լինելու, եւ թե կարեւոր է այն խնդիրը, թե ով կարող է լինել այն, թե ով է ազդեցություն ունենալու «ժառանգորդի» ընտրության հարցում, ում հետ է այդ հարցը համաձայնեցնելու Սերժ Սարգսյանը, ում աջակցությունն է ակնկալելու այդ հարցում, իսկ ումն արհամարհելու է: Այսինքն՝ ներմուծվում են կոդեր, որոնք առավելապես միտված են 2017-2018 թվականներին, ինչով փորձ է արվում ուշադրությունը շեղել մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածից: Այնինչ՝ հենց այդ հատվածն էլ ամենակարեւորն է, քանի որ «կաղ բադիկը» սպառել է մանեւրելու բոլոր հնարավոր եւ անհնար պաշարները:

Իշխանական համակարգը հասկանում է, որ եկել է պատասխան տալու, խոստումները կատարելու ժամանակը, եւ հենց դա է թերեւս պատճառը, որ իշխանության ներսում սկսել են իշխանության մեջ մնալու, բայց եւ պատասխանատվությունից հնարավոր պահին խուսափելու միտումներ նկատվել:

Այս առումով հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել ԼՂ հիմնախնդրին, երբ կարգավորման շրջանակներում մոտ երկու տարի ամենաբարձր մակարդակով հանդիպումներ չեն եղել: Ինչպե՞ս է Սարգսյանը լուծելու այդ խնդիրը՝ լեգիտիմության պակասի հսկայական պաշարով: Սա այն հարցն է, որտեղ ներքաղաքական լրահոսում Հայաստանում Արեւմուտք/ԱՄՆ-Ռուսաստան հիմնականում մտացածին մրցակցության մեջտեղում մի կերպ մանեւրող Սարգսյանի մասին միֆերը այլեւս չեն անցնելու:

Բադալ Հակոբյան   

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն

 

Նախորդ հոդվածը‘Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ հնգյակում է’