‘Եգիպտոսի նախագահ Մուրսին պաշտոնանկ արվեց. Երկիրը ժամանակավորապես կղեկավարի ՍԴ նախագահը (տեսանյութ)’

988

Եգիպտոսի պաշտպանության նախարար, բանակի գերագույն հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին հեռուստատեսության ուղիղ եթերով հայտարարել է, որ երկրի Սահմանադրութան կիրառությունը ժամանակավորապես դադարեցվում է: Ինչպես հաղորդում է BBC-ն, գեներալ ալ- Սիսին, շրջապատված կրոնական և ռազմական առաջնորդներով, հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի նախագահը ժամանակավորապես իր վրա կվերցնի նախագահի լիազորությունները: Այս հայտարարության համաձայն` Մուհամեդ Մուրսին այլևս երկրի ղեկավարը չէ: 

Եգիպտոսի բնակչությանն ուղղված հեռուստաեթերի ժամանակ երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆատախ Աս-Սիսին հայտարարել է Սահմանադրության կիրառության դադարեցան, տեխնոկրատների կառավարության և հիմնական օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու կոմիտե ձևավորելու մասին: Բացի դրանից, քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ ձևավորվելու է ազգային հաշտեցման կոմիտե: «Մենք բազմիցս ազգային երկխոսության կոչ ենք արել, բայց այն մերժվել է երկրի ղեկավարության կողմից: Մենք Մուրսիին առաջարկել ենք ինքնակամ հրաժարական տալ, բայց նա հրաժարվել է, իսկ նրա վերջին հայտարարությունը ոչ մի ձևով չի պատասխանում ժողովրդի պահանջներին»,-ասել է նախարարը: 

Գերագույն Սահմանադրական դատարանի նախագահը, որպես երկրի ժամանակավոր ղեկավար, կհամագործակցի տեխնոկրատ կառավարության հետ, մինչև նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը: 

Կահիրեի Թահրիրի հրապարակում հավաքված ցուցարարները մեծ ոգևորությամբ են ընդունել բանակի հրամանատարի հայտարարությունը, որից հետո Ղպտիական եկեղեցու առաջնորդ Տավադրոս Երկրորդը և ընդդիմության ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը հանդես են եկել կարճ ուղերձներով: Էլ-Բարադեյը նշել է, որ մշակվել է ազգային համերաշխության «ճանապարհային քարտեզ», որը 2011 թվականի հունվարի հեղափոխության նոր սկզիբն է լինելու: Նոր ծրագրի համաձայն կանցկացվեն նախագահի ընտրություններ, իսկ նոր Սահմանադրությունը կերաշխավորի երկրի քաղաքացիների իրավունքների իրական պաշտպանությունը:

Հաղորդվում է, որ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ»-ին պատկանող հեռուստաընկերությունները այս ելույթների ավարտից հետո դադարեցրել են հեռարձակումը: 

Եգիպտոսի նախագահը զինված ուժերի և քաղաքական գործիչների կողմից առաջադրված «ճանապարհային քարտեզը» մերժել է` երկրում տեղի ունեցողն անվանելով «զիված հեղաշրջում»: Երկրի արդեն նախկին ղեկավարի խոսքերը հրապարակվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նախագահական գրասենյակի էջում: «Ես որպես նախագահ կոչ եմ անում բոլոր եգիպտացիներին խաղաղ ճանապարհով հակադրվել այդ զինված հեղաշրջմանը»,-ասել է նա` նշելով, որ նրանք, ովքեր մշակել են «ճանապարհային քարտեզը», դա անելու լիազորություն չունեն. դա նշանակում է, որ ի վերջո այն անօրինական է:

Մուրսիին ստիպել են պաշտոնանկ լինել, երբ լրանում էր բանակի կողմից հայտարարված 48-ժամյա վերջնագիրը: Թե այս պահին որտեղ է գտնվում նախկին նախագահը, անհայտ է: Ավելի վաղ ինֆորմացիա էր տարածվել, որ նա տնային կալանքի տակ է նախագահական պահակախմբի ներքո: Հաղորդվում է նաև, որ նա բանակի ուղեկցությամբ տեղափոխվել է անվտանգ վայր: 

Եգիպտոսցիները զանգվածային բողոքի ակցիաներով պահանջում էին այդ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 2-ին լրացել է ընդդիմության 48-ժամյա վերջնագրի ժամկետը, որը պահանջում էր Մուրսիի պաշտոնաթողությունը: Իսկ այն վերջնագրի ժամկետը, որը Եգիպտոսի բանակը ներկայացրել է բոլոր քաղաքական ուժերին, լրանում է հուլիսի 3-ին ժամը 18:00-ին: Գեներալները խոստացել են երկրի իրադրությունը վերցնել իրենց հսկողության ներքո, եթե քաղաքական գործիչները չդադարեցնեն փողոցային դիմակայությունը և փոխզիջման չգան: Մուրսի հանդես էր եկել կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկով, ինչը չի ընդունվել: Մուրսիին արգելվել է լքել երկիրը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան, Իտալիան և Պորտուգալիան փակել են իրենց օդային տարածքը Մորալեսի ինքնաթիռի համար’
Հաջորդ հոդվածը‘Դարի կառույցը ի սկզբանե տապալված է եղել. Մամուլ’