‘Եթե այն ժամանակ ստեղծվեր հանձնաժողովը, ապա շատ մեծ օգուտ կլիներ’

2490

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը

— Պարոն Մինասյան, ԱԺ գարնանային նստաշրջանում ՀՅԴ խմբակցությունը բարձրացրել էր «Նաիրիտ» գործարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Իշխանությունները խոստացան ընդառաջել, բայց՝ ավելի ուշ, երբ կավարտվեն «Նաիրիտ»-ի մասնավորեցման մասին բանակցությունները: Առաջիկայում նորից պնդելո՞ւ եք ձեր նախաձեռնությունը:

— Ես ուզում եմ հիշեցնել, որ իրենք ոչ միայն «Նաիրիտ»-ի մասնավորեցման բանակցությունները չձախողելու փաստարկ էին բերում, այլեւ՝ պնդում, որ այդ հարցով առաջինն իրենք են շահագրգռված, ուստի՝ աշնանը կանդրադառնան խնդրին: Իսկ մենք ասում էինք, որ մեր խնդիրը բանակցությունները ձախողելու նպատակ չի հետապնդում, ընդհակառակը՝ խնդիրը «Նաիրիտ»-ը վերագործարկելու մեխանիզմներ փնտրելու եւ համատեղ աշխատանքի մեջ է: Եթե այն ժամանակ ստեղծվեր հանձնաժողովը, ապա շատ մեծ օգուտ կլիներ: Հիմա եկել է իրենց իսկ տված խոստումը կատարելու ժամանակը: Մենք շրջանառության մեջ ենք դնելու նախագիծը, այդ թեմայով քննարկում եղել է նաեւ Քառյակի ուժերի մեջ: Իհարկե, լավ կլինի, եթե մեր նախագծին միանան ԱԺ բոլոր խմբակցություններն ու միասին փորձենք խնդրին լուծում տալ: Իսկ եթե այդպես չլինի, նախագիծը մենք կդնենք շրջանառության մեջ:

— Հովիկ Աբրահամյանը մի առիթով խոստովանել էր, թե իրենք փնտրում են «Նաիրիտ»-ի սեփականատերերին ու չեն կարող գտնել՝ «10 տոկոս պետությունն ա բաժնետերը, 90 տոկոս չգիտենք՝ ով է»,- ասել էր նա: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Այդ հայտարարությունը հերթական անգամ փաստում է հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովը պետք է կարողանա լիարժեք պատասխաններ տալ բոլոր հարցերին: Ի վերջո, մեր գլխավոր նպատակը պետք է լինի «Նաիրիտ»-ի գործարկումը ոչ միայն այն պատճառով, որ սա տնտեսության հիմնարար ճյուղերից է, այլեւ՝ բազմահազար աշխատատեղեր ապահովող ձեռնարկություններից մեկը: Առանց այս հարցին լուծում տալու, մենք չենք կարող ՀՀ արդյունաբերությունն առնվազն քիմիայի ոլորտում տեսնել: Մյուս կողմից՝ այն սխալ մոտեցումը, որ փորձեցին կիրառել մեր նախաձեռնության վերաբերյալ, թե՝ հարցը փորձում են քաղաքականացնել, շահարկել, հօդս ցնդեց: Կյանքը ցույց տվեց, որ մենք, իբրեւ Դաշնակցություն, որեւէ նպատակ չենք ունեցել հարցը քաղաքականացնելու: Մենք հարցը դիտարկել ենք բացառապես «Նաիրիտ»-ի վերագործարկման շրջանակներում:

— Նախորդ շաբաթ պարզվեց, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հրաժարվել է «Նաիրիտ»-ի մասնավորեցման ծրագրից: Մինչդեռ, նախկին վարչապետը ՌԴ այցից հետո խոսում էր «Ռոսնեֆտ»-ի կողմից «Նաիրիտ»-ում 500 մլն դոլար ներդրում կատարելու մասին: Ինքներդ ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ «Ռոսնեֆտ»-ն ամիսներ շարունակ հետաքրքրվելուց, հետո հրաժարվեց «Նաիրիտ»-ից:

— Ես վստահ չեմ, որ «Ռոսնեֆտ»-ը նման խոստում է տվել: Միգուցե նպատակ ունեցել է, բայց՝ խոստում չի տվել: Մյուս կողմից, ասեմ, որ ներդրողների պակաս մենք չունենք. անգամ եվրոպական երկրներից մարդիկ կան, որոնք ցանկանում են ծանոթանալ գործերի էությանը, մասնակցել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագրերին: Սակայն խնդիրն այն է, որ եթե չունես լիարժեք պատկեր, եթե չես բացահայտում բոլոր հնարավորությունները, չունես վերագործարկման ամբողջական ծրագիր, մարդկանց հետ չես կարող նստել, բանակցել:

— Ի վերջո, ձեր կարծիքով, կլուծվի՞ «Նաիրիտ»-ի թնջուկը:

— Կարծում եմ, որ հիմա արդեն եկել է այն պահը, որ թե՛ իշխանությունը, որ իր խոստումները ժամանակին տալիս էր, եւ թե նաեւ պառլամենտական ընդդիմությունը, այնքան կամք ունեն, որ համատեղ նստեն, լուծումներ գտնեն:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Ինչ եղավ Գալուստ Սահակյանի եւ Խոսրով Հարությունյանի հետ, երբ որոշեցին հիշել անցյալը. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Սահմանադրությունը պետական գույքի կառավարման լիազորությունը ոչ թե վարչապետին է տվել, այլ՝ կառավարությանը. Տեսանյութ ‘