‘ԵԽԽՎ-ն մերժել է Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը’

1193

Եվրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը:

Համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էին Վեհաժողովի 31 պատվիրակներ: Հայտնում է «Ազատություն» ռ/կ-ը և հիշեցնում, որ Հայաստանը Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսի 16-ից ` վեցամսյա ժամկետով, նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետեւ՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:

Ինչպես Ստրասբուրգից ռադիոկայանին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Հայաստանի նախագահությունը կասեցնելու փաստաթղթին միացել էին ադրբեջանամետ պատգամավորներ:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` նախագծում Հայաստանը բնորոշված էր որպես «ագրեսոր» երկիր, «որին չպետք է տալ Նախարարների կոմիտեն ղեկավարելու լիազորություն», սակայն փաստաթղթին միացած երեք տասնյակ պատվիրակներից բացի որեւէ մեկը լուրջ չի վերաբերվել այդ պնդումներին:

ԵԽԽՎ-ի նախագահի առաջարկով այսօր նախատեսված է Վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Ինչպես նշել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Վեհաժողովի նախագահին ուղղված իր նամակում, քննարկվելիք հարցերի շրջանակում չպետք է ներառվեն այնպիսիք, որոնցով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Հայաստանյան պատվիրակությունը պատրաստակամ է քննարկել քսենոֆոբիայի (այլատյացության), անհանդուրժողականության բացառմանն ուղղված համատեղ գործողությունների մշակման, քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումների խթանման խնդիրները:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Սելյուկ. Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանին ապակողմնորոշում’
Հաջորդ հոդվածը‘Բորդյուժան՝ Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Դա Ռուսաստանի բիզնեսն է’