‘ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ համաձայնագիրը կխոչընդոտի՞ ԱՊՀ շրջանակներում գործող Ազատ առեւտրի գոտուն ‘

1168

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1992 թվականից գործում է Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: 2012 թ. Հայաստանը միացավ ԱՊՀ շրջանակներում գործող Ազատ առեւտրի գոտուն: Այդ փաստաթղթերի հիման վրա է զարգանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծավալուն առեւտրային համագործակցությունը՝ հանդիսանալով երկկողմ տնտեսական փոխգործակցության անկյունաքարը:

Օրերս ԵՄ-ն հայտարարեց, որ արդեն ավարտվել են ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը նշանակում է, որ այսուհետ Ազատ առեւտրի ռեժիմը գործելու է նաեւ ԵՄ-ի հետ: ԵՄ տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ փաստաթղթի ստորագրման արդյունքում հայաստանյան տնտեսությունը տարեկան լրացուցիչ 146 մլն եվրոյի հասնող շահույթ կունենա:

Միեւնույն ժամանակ՝ առկա են ռիսկեր՝ այն առումով, որ դրանով կարող է վտանգվել Հայաստանի ազատ առեւտրի ռեժիմը Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն նման համաձայնագիր չունի ԵՄ-ի հետ: Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանը չի կարող ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ Ռուսաստանի հետ ունենալ ազատ առեւտրի ռեժիմ: Հաշվի առնելով ԵՄ-ի հետ վերը նշյալ փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը՝ մենք դիմել էինք ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել.

1.  Ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն, որպեսզի չվտանգվի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող՝ ՌԴի հետ ազատ առեւտրի ռեժիմը:

2.Արդյո՞ք կան հաշվարկներ հնարավոր կորուստների մասին, եթե ՌԴդուրս գա Հայաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմից:

Ի պատասխան մեր հարցմանն ուղարկված պարզաբանման մեջ ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, թե «միևնույն պետության տարբեր ուղղություններով ազատ առևտրի ռեժիմները չեն կարող խանգարել միմյանց և հանդիսանում են ընդունված պրակտիկա»:

Դա նշանակում է, որ ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Հայաստանը, ստորագրելով ԽՀԱԱԳ համաձայնագիր ԵՄ–ի հետ, կկարողանա պահպանել նույն ռեժիմը նաեւ Ռուսաստանի հետ: Չհասցրինք ուրախանալ, երբ հրապարակվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանի հարցազրույցը commonspace.eu կայքին, ուր ասվում է հետեւյալը. «Խնդիրը նրանում է, որ մասնակցությունը Մաքսային միությանը խոչընդոտ է ԵՄ-ի հետ ստորագրվելիք ԽՀԱԱԳ համար»:

Նշենք, որ Մաքսային միության հիմքում ազատ առեւտրի պայմանագրերն են, երրորդ պետությունների հետ մաքսային համատեղ ռեժիմների սահմանումն ու անդամ երկրների միջեւ ապրանքափոխանակման իրականացումն է՝ առանց մաքսային զննության: Ստացվում է, որ ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ-ն չի կարող համատեղվել Հայաստանի եւ Մաքսային միության (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) երկրների հետ առետրի ռեժիմին, քանի որ անկախ նրանից, թե Հայաստանը միացե՞լ է Մաքսային միությանը, թե՞ ոչ, մենք ունենք Ազատ առեւտրի ռեժիմ Մաքսային միության անդամ պետությունների հետ: Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին փաստացի բացահայտեց (գուցե՝ պատահաբար, գուցե՝ միտումնավոր) Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը:

ՀՀ ԱԳՆ ուղղված նամակով մենք փորձ արեցինք հնարավորություն տալ ՀՀ արտաքին գերատեսչությանը՝ բացել այն առավելությունները կամ խնդիրները, որոնք հնարավոր են ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ ստորագրելուց հետո: Ասել է թե՝ ի՞նչ կշահի Հայաստանը տնտեսական առումով ԽՀԱԱԳ-ը ստորագրելուց հետո, եթե խնդիրներ առաջանան ԱՊՀ շրջանակներում գործող Ազատ առեւտրի գուտու հետ կապված:

Սակայն, համադրելով ՀՀ ԱԳՆ պատասխանը եւ փոխարտգործնախարարի հարցազրույցը՝ ոչ միայն պատասխաններ ու փաստարկներ չենք ստանում, այլև հարցականներրը միայն շատանում են: Մենք փորձելու ենք գտնել այս հարցերի պատասխանը նաեւ այլ աղբյուրներից եւ ներկայացնել մեր ընթերցողներին:

Մ. Սարգսյան  

 

 

 

Նախորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը պետք է հրաժարվի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքից’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. ԿԽՄԿ-ը կհանդիպի Ինջիղուլյանին, փոխարենը՝ ՀՀ-ում հաստատված ադրբեջանցի զինվորը ցանկանում է վերադառնալ’