‘Երեկ պայթեց Սերժ Սարգսյանի հերթական PR փուչիկը. Մամուլ’

2531

Մամուլն անդրադառնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի երեկվա այն հայտարարությանը, համաձայն որի՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014թ. հունվարի 1-ից: «Ժողովուրդը» գրում է.

«Երեկ պայթեց Սերժ Սարգսյանի հերթական PR փուչիկը: Հիշո՞ւմ եք՝ մի քանի լրագրողի հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե հուլիսի 1-ից աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրանալու է: Բացի այդ, նա կառավարության ձեւավորումից հետո անդրանիկ նիստում եւս հայտարարել էր այդ մասին: Բայց ահա երեկ պարզ դարձավ, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ոչ թե հուլիսի 1-ից, այլ 2014թ. հունվարի 1-ից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում 2012թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014թ. հունվարի 1-ից»:

Բայց եւ այնպես, Ասատրյանը չի բացառել, որ նվազագույն աշխատավարձին անդրադարձ կկատարվի կառավարության առաջիկա նիստերից մեկում, ըստ այդմ՝ առաջարկ կարվի նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 45 հազար դրամ՝ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն: Այսպիսով՝ գործող իշխանությունը, Ս. Սարգսյանի գլխավորությամբ, հերթական անգամ ապացուցեց, որ պարզապես խաբում է ժողովրդին»:

Նույն թեմայով «ՀԺ»-ն գրում է.

««… Որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ողջ ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք թոշակները, կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը: Եվ դա ես չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում… Մենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք: Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը»:

Այսպիսի հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը այս տարվա մարտի 18-ին՝ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նկատեցիք, «գիտակցաբար» արված այդ հայտարարությունը հնչեց Երևանի ավագանու ընտրություններին նախորդած շրջանում: Հուլիսի մեկից աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններ հնչեցին ավագանու ընտրությունների բուն քարոզարշավի ընթացքում նույնպես: Սակայն երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վերջակետ է դրել այդ հարցում. «Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014 թ. հունվարի 1-ից»,- երեկ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է նախարարը:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ընտրությունների շրջանը ավարտվել է, և հուլիսի մեկից աշխատավարձ բարձրացնելու թեման այլևս փակված է: Հիմա նորից մեջբերենք Սերժ Սարգսյանի՝ ընդամենը երկուսուկես ամիս առաջ արած հայտարարությունը. «Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը»: Զգում եք, չէ՞, թե ինչպես Սերժ Սարգսյանը «գիտակցված» չէր ասում, որ այս տարվա հուլիսի մեկից աշխատավարձերի բարձրացման հարցը կառավարությունը քննարկում է: Հա, բայց հո չի ասել, թե բարձրացնելու է, ասել է՝ քննարկվելու է: Հիմա էլ Արտեմ Ասատրյանը հո չի՞ ասում, որ 2014 թ. հունվարի մեկից բարձրանալու է: Ասում է՝ «կառավարությունը անդրադառնալու է»: Այսինքն՝ հաջորդ տարվանից աշխատավարձերը բարձրացնելու հարցին կառավարությունը կանդրադառնա ճիշտ այնպես, ինչպես, ըստ Սերժ Սարգսյանի, կառավարությունը պետք է քննարկեր այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու հարցը:

Մի խոսքով, ձևակերպումների այս տեղատարափից մի բան է հասկանալի՝ հունվարի մեկից էլ աշխատավարձերը դժվար թե բարձրանան:

Նախորդ հոդվածը‘Ներում խնդրելու ժամանակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կհանդիպենք գարնանը’