‘Երիտասարդ դաշնակցականները համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով (ֆոտոշարք)’

1058

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է քիչ առաջ: Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց համանախագահներին դիմավորել եմ մի քանի տասնյակ երիտասարդներ` պահանջելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հստակ դիրքորոշում: «Արմենպրեսի» հետ զրույցում բողոքի ակցիայի կազմակերպիչ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամներն ասացին, որ այս կերպ արտահայտում են իրենց բողոքը համանախագահների մոտեցումների նկատմամբ: «Սահմանին անընդհատ հնչում են կրակոցներ: Ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, հրաժարվում է հեռացնել դիպուկահարներին սահմանից, մինչդեռ համանախագահները, ովքեր կոչված են խնդիրը կարգավորել խաղաղ բանակցային ճանապարհով, համահարթեցման քաղաքականություն են տանում և ագրեսորին սաստելու փոխարեն կողմերին կոչ անում պահպանել զսպվածություն»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:

Այս պահին նրանք ԱԳՆ շենքի դիմաց կատարում են հայրենասիրական երգեր և ժամանակ առ ժամանակ վանկարկում: Համանախագահները լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ խոստացան հարցերին պատասխանել արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 2-ի երեկոյան ժամանել են տարածաշրջան: Նրանք հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Միջնորդները տարածաշրջանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման նպատակով:

Նախորդ հոդվածը‘ԵԽ-ն ու Դանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո կուղղեն Հայաստանի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով’