‘Երիտասարդ քաղաքապետի աղմուկ հանած ատենախոսության առիթով – Hraparak.am’

1426

Ճարտարապետ-նխագծող Մարտին եւ Արամայիս Ասլանյանները «Հրապարակ» օրաթերթում անդրադարձել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսությանը` վերլուծելով դրա սեղմագում տեղ գտած մի շարք դրվագներ:

« … Անդրադառնանք ատենախոսության նպատակին ու խնդիրներին: «Հետազոտության նպատակն է` ՀՀ տարածական զարգացման տեսանկյունից բացահայտել Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները եւ մշակել առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ» ( էջ 4): Եթե վերհիշենք Հայաստանի` անկախ հանրապետության ստեղծման առաջին տարիները, կտեսնենք, որ նշված հիմնախնդիրները հնչել են 1991-ի սեպտեմբերի 21-ից հետո: Սկզբնական շրջանում ոչ առաջնային խնդիրներ էին, որովհետեւ առաջնահերթն Արցախյան ազատագրական պատերազմում հաղթելն էր: Եվ ժողովուրդը հաղթեց: 1994-ի մայիսի 12-ի հրադադարից եւ 1995-ին ատոմակայանի գործարկումից հետո տնտեսությունն սկսեց շնչել: Այդ ժամանակ էլ առաջնահերթ դարձան նշված եւ շատ այլ խնդիրներ: Սակայն 1998-ից ի վեր տնտեսագիտական կլիշե դարձած խնդիրները բազմիցս վերաշարադրվեցին ու շարունակում են վերաշարադրվել եւ դառնալ ատենախոսություններ: Իսկ սոցիալ-տնտեսական զարգացումները ոչ թե դեպի ազատ տնտեսական մրցակցության են տարել, այլ` դեպի բրգաձեւ կենտրոնացված կառավարման:

Իսկապես, Երեւանը մեգապոլիս է. 1 միլիոնից ավելի բնակչությամբ խոշոր քաղաքային համայնք` «հասարակության ինքնակազմակերպման եւ հասարակական վերարտադրության արդյունք» (էջ 7): Սակայն սեղմագրում Երեւանը չի որակվում նաեւ որպես ուրբանիզացիոն համալիր, որտեղ արտադրական ձեռնարկությունների, հասարակության բոլոր շերտերի համար պետք է ստեղծվեն բարենպաստ հասանելի պայմաններ` ճարտարապետական, քաղաքաշինական, ժամանակակից մշակութային եւ պատմամշակութային, գեղագիտական, բնապահպանական, տրանսպորտային, սոցիալական, կենցաղային…

Չի որակվում, որովհետեւ այդ որակը Երեւանում բացակայում է: Փաստացի ունենք խմբիշխանական մի բուռ մենաշնորհատերերի (օլիգարխների) պահանջների, գերշահույթների եւ իշխանության կենտրոնացված կառավարումն սպասարկող որջ: Այդտեղ է իր գոյությունը քարշ տալիս նաեւ գյուղական վայրերից դեպի Երեւան արտահոսած բնակչության ստվար զանգվածը: «Այսպես. 2011թ. Երեւան քաղաքի արդյունաբերության բաժինը կազմել է ՀՀ արդյունաբերության 42,4%-ը, գյուղատնտեսությանը` 0,8, շինարարությանը` 54,7, մանրածախ առեւտուրը` 83,8, ծառայությունները` 86,4» (էջ 8): «Այսպես. 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Երեւանում 1 քառ. կմ-ի վրա 5055 մարդ է բնակվում, իսկ մարզերում` միջին հաշվով 83,4 մարդ, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը ՀՀ-ում միջինը կազմել է 110 մարդ» (էջ 9): Գուցե արժե հիշեցնել հայցվորին, որ քաղաքաշինության նախարարության պատվերով «Հայնախագիծ» ՓԲԸ-ն 2001-2003թթ. մշակել է ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը, որի կազմում` նաեւ ՀՀ մայրուղային ճանապարհների հեռանկարային ցանցը: Նախագծի հիմնական նպատակը հանրապետության համընդհանուր քաղաքաշինական զարգացման, տարաբնակեցման համակարգի կատարելագործման, ռազմավարական ուղղությունների ընտրության նախադրյալների բացահայտումն է՝ փոխկապակցված առողջ եւ անվտանգ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական եւ պատմամշակութային ժառանգության պահպանման հետ: Պարզ լեզվով` գործի կդրվեն բնակավայրերի համաչափ զարգացման մեխանիզմներ: Օրինակ. Երեւանի գերբեռնված ագլոմերացիան եւ մարզերում ստեղծված սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, արտագաղթից խորացող վակուումը կհավասարակշռվեն: Ասել է թե` մարզերում, սահմանամերձ գյուղերում կստեղծվի տնտեսական` արտադրական, սպասարկման, քաղաքաշինական, կրթամշակութային, դեմոգրաֆիկ… նպաստավոր իրադրություն` այնպիսի հրապուրիչ սոցիալ-տնտեսական բիզնես-միջավայր, որ Երեւան գաղթած, աշխատանք փնտրող գյուղացին կամ հենց ինքը` երեւանցին, հավատալով օրենքի գերակա զորությանը, վստահելով իշխանությանը, կմեկնի մարզ եւ գործունեություն կծավալի: Սա էլ՝ վարդագույն երազանքի ժանրից: Նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ եւ արժանացավ քաղաքաշինության բնագավառում 2003թ. ՀՀ պետական մրցանակին: Այսինքն` օրենքի ուժ ստացավ եւ հաջողությամբ մոռացվեց»:

Ամբողջական հոդվածը

 

Նախորդ հոդվածը‘Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի մասնակցությամբ «Տարօրինակ զույգ» բեմադրությունը կներկայացվի ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողները պահանջում են իրենց ընդգրկել երկրի հարկային դաշտում’