‘Զուրաբյան. Դիագնոզը հաստատվեց ‘

1735

ԱԺ այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Մարգարիտ Եսայանն առաջարկեց ոտքի կանգնել ու հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը: Խոսքն այն Մարգարիտ Եսայանի մասին է, որը նախօրեին ընդվզեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելու առաջարկին` ասելով, թե դեմ է քաղաքական շահարկումներին, թեեւ՝ ինքը եւս ոտքի կանգնեց: Հիշեցնենք, որ այն ժամանակ այդ հակասական պահվածքը Զուրաբյանը գնահատեց որպես ՀՀԿ-ականների կողմից անձի երկվության դրսեւորում: Ավելի ուշ, լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին խնդրեցին գնահատական տալ Մ. Եսայանի՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու առաջարկին: «Նրա արածը եւս մեկ անգամ հաստատեց նախօրեին իմ տված դիագնոզը՝ անձի երկվության մասին: Մի կողմից` շատ գովելի կեցվածք դրսեւորեցին ՀՀԿ-ականները եւ իրենց նախաձեռնությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը, մյուս կողմից` այդ նույն մարդիկ անարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ ասելով, որ իրենք մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտմանն ուղղված այս հանձնաժողովը չեն ընդունում: Մենք նորից գործ ունենք անձի երկվության դրսեւորման հետ: Բայց դե՝ գովելի է, որ իրենց անձի գոնե մի կեսով նրանք առաջին անգամ իրենց կյանքում հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Սա արդեն առաջընթաց է»: 

Նախորդ հոդվածը‘ «Ռոսնեֆտ» ընկերույթունը մտադիր է 500 մլն դոլար ներդնել ՀՀ-ում նոր կաուչուկի գործարանի կառուցման գործում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի նախկին նախագահները դատապարտում են Ռուսաստանի Դաշնությանը’