‘Զուրաբյան. Ստեղծվել է իրավիճակ, որում մենք կարող ենք կրկնել Չիլիի փորձը’

2102

Ազատության հրապարակում մեկնարկած «ՈՉ»-ի հանրահավաքում ելույթ ունենալով՝ «ՈՉ»-ի շտաբի պետ, Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց ոչ-ի ծրագիրը՝ մի քանի արձանագրություններ անելով.

1՝ Մեր հասարակությունը լիովին ըմբռնել է Սերժ Սարգսյանի ծրագրի էությունը: Նա շատ լավ հասկացել է, որ Սահմանադրությունը փոխելու որեւէ կարիք չկա, սահմանադրական փոփոխության մեջ որեւէ հանրօգուտ էություն չկա, եւ այդ սահմանադրափոխությունը լուծում է միայն Սերժ Սարգսյանի իշխանության հարցը:

2՝ Պետական իշխանության տարբեր մակարդակներում նույնպես հասկացել են, որ լուծվում է մեկ մարդու իշխանության պահպանման հարց: Եւ այդ հարցը լուծվում է կոլեկտիվ անպատասխանատվության համակարգի ստեղծումով, որում ոչ ոք չի ունենա արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ լիազորություններ: Բայց ամեն ինչ կորոշի Սերժ Սարգսյանը: Հասկանալով այս ամենը եւ չտեսնելով իրենց տեղը այս խախուտ համակարգում՝ իշխանության մեջ շատերը ցուցադրաբար օգնում են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, բայց տակից գործում են լրիվ հակառակ ուղղությամբ:

3՝ Հանրաքվեում պայքար չի լինելու թեկնածուների կամ կուսակցությունների միջեւ: Հայաստանում միամիտներ չկան, եւ բոլորն էլ հասկանում են, որ սա լինելու է մրցակություն Սերժ Սարգսյանի կողմնակիցների եւ նրա դեմ պայքարող իրական ընդդիմության միջեւ:

Կարեւորն այն է, որ այս իրողությունը առաջացրել է իրական ընդդիմադիր ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: Մեր մեջ՝ ընդդիմության մեջ, որեւէ բաժանարար գիծ չկա:

4՝ Սոցհարցումները, որոնք պատվիրել են իշխանությունները, նրանք դա չեն հրապարակում, որովհետեւ դրա արդյունքները ուղղակի խայտառակ են իշխանությունների համար, որովհետեւ այնտեղ «ոչ»-երի քանակը՝ իրենց իսկ պատվիրած սոցհարցումների համաձայն, երեք անգամ ավելին է, քան «այո»-ն: Սոցհարցումները, ՀԿ-ների եւ քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունները, սոցցանցերում «Ոչ»-ի քարոզարշավի հաղթարշավը, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուն ցույց են տալիս, որ մեր ժողովրդի ակնհայտ մեծամասնությունը մերժում է իշխանությունների սահմանադրափոխության պլանը: Ժողովուրդը կողմնորոշվել է եւ ոչ է ասում Սերժ Սարգսյանին:

5՝ Շնորհիվ բովանդակալից եւ կրեատիվ մոտեցումների, «ոչ»-ի քարոզարշավը ձնագնդի նման աճում է՝ հաջողելով գրավել ոչ միայն ավանդաբար իշխանություններից դժգոհ զանգվածներին, այլ նաեւ երիտասարդությանը, տարբեր տեսակի բիզնեսներում աշխատանքով ապահովված միջին խավին եւ մտավորական աշխատանքով զբաղվող հասարակությանը: Եթե մենք լինեինք դեմոկրատական նորմալ պետությունում, արդեն այսօրվանից մենք կարող էինք հայտարարել, որ «ոչ»-ի շարժումը հաղթանակած է:

Բայց խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ բոլոր ընտրությունները կեղծվում են: Հարցը հետեւաբար հետեւյալն է՝ թե ինչպես ունենալով, շախմատային լեզվով ասած՝ կրած, հաղթած դիրք՝ հասցնել այն վերջնական հաղթանակի, անգամ ռեժիմի ընտրակեղծարարության պայմաններում: Այո, հաշվի առնելով ներկայացրածս արձանագրումները, այսօր մենք հարցը հենց այդպես ենք դնում՝ ինչպե՞ս արձանագրել ժողովրդի, ըստ էության, արդեն կայացած հաղթանակը:

Դրա բանալին իրականում մեկն է՝ հաղթահարել բազմաթիվ կեղծված ընտրություններում եւ հանրաքվեներում պարտություններից հետո ժողովրդի արդարացի հուսահատությունը եւ հասնել մի վիճակի, երբ մեր ժողովրդի առնվազն 70-80 տոկոսը գնան եւ ոչ քվեարկեն տեղամասերում: Չիլիում ժողովուրդը հենց այդպես էլ վարվեց, երբ քվեարկեց բռնապետ Պինոչետի իշխանության երկարաձգման դեմ: Թեեւ հանրաքվեի արդյունքում այնտեղ՝ Չիլիում հայտարարվեց «ոչ»-ի հաղթանակը, (55 տոկոս՝ ոչ, 45 տոկոս՝ այո), քվեարկության իրական արդյունքները լրիվ այլ էին: Չիլիացիների 70-80 տոկոսը քվեարկել էր ոչ եւ կանգնեցրել Պինոչետին երկընտրանքի առաջ: Նա կարող էր, ինչպես որ արել էր անցյալում, կեղծել արդյունքները, եւ ներկայացնել, թե այո-ն հաղթել է, բայց ինքը շատ լավ հասկանում էր, որ ունենալով տեղամասերում այդ 70-80 տոկոս ոչ-երը՝ նման քայլը կնշանակեր հայտարարել պատերազմ սեփական ժողովրդին: Ուստի, նա ուղղակի փորձեց պահպանել իր դեմքը: Նա հայտարարեց, որ ոչ-ը ստացել է 55 տոկոս, իսկ այո-ն պատկառելի՝ 45 տոկոսը, եւ ընդունեց ժողովրդի հաղթանակը:

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, որում մենք կարող ենք կրկնել ուղիղ նույն բանը: Եթե ժողովուրդը զանգվածաբար գնա «ոչ» քվեարկելու, կլուծվեն մի քանի կարեւոր խնդիրներ.

ա՝ ժողովրդի կամքը հստակ ներկայացված կլինի տեղամասերում, ինչը թույլ կտա մեր հանձնաժողովականներին, վստահված անձանց եւ քաղաքացիական դիտորդներին եռակի եռանդով պայքարել ժողովրդի ձայնի պաշտպանության համար: Սա կարեւոր է, որպեսզի կարողանանք հնարավորինս կանխել տեղամասային արձանագրությունների կեղծումը:

բ՝ ժողովրդի բարձր մասնակցությունը էապես կկրճատի նաեւ ռեժիմի հնարավորությունները՝ արդյունքի հասնել բազմակի քվեարկության եւ այլ մարդկանց փոխարեն քվեարկելու մեթոդներով:

գ՝ ժողովրդի բարձր տրամադրությունը եւ ոչ քվեարկելու հակվածությունը էապես կնվազեցնի ընտրակաշառքի բաժանման ազդեցությունը ժողովրդի քվեարկության վրա:

դ՝ հաշվի առնելով, որ 2008-2015 թվականներին երկրից պաշտոնական տվյալներով արտագաղթել են ավելի քան 350 հազար քաղաքացիներ, ռեժիմի կողմից 1 մլն-ից 1.1 մլն ավելի պաշտոնական մասնակցության թվի հայտարարումը ուղղակի կհակասի ժողովրդագրական ցուցանիշներին: Այսինքն, «ոչ»-երի մեծ քանակի դեպքում եւս մեկ սահմանափակում կդրվի «այո»-ի համար հավելագրումների վրա: 2008-2013 թվականների ընտրությունների արդյունքները վերլուծելիս՝ հանգում ենք հետեւյալ եզրակացությանը, որ իրական ընդդիմությունը, այսինքն, այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների պահին եղել են դեմ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, մշտապես, անգամ լայնածաված կեղծիքների պայմաններում կարողացել են գրանցել 600-650 հազար ձայն: Պատկերացրեք, ռեժիմը կարող է ցույց տալ առավելագույնը 1.1 մլն մասնակցություն, իսկ մենք գրանցենք 500 հազար ոչ՝ անգամ իրենց բոլոր կեղծիքներից հետո, ապա այո-ն էլի չի անցնի:

Եւ այսպես, ակնհայտ է, որ ստեղծվել է աննախադեպ մի վիճակ, որում ժողովրդի ակտիվ մասնակցությունը եւ «ոչ»-ի քվեարկությունը հանրաքվեում Սերժ Սարգսյանին կդնի նույն վիճակում, որի մեջ Չիլիի ժողովուրդը դրեց Աուգուստո Պինոչետին: Իսկ թե ինչ կանենք, եթե հայտնվելով այդ իրավիճակում՝ Սարգսյանը սխալ որոշում ընդունի, դրա մասին մենք կխոսենք դեկտեմբերի 7-ին ընդդիմության համապետական հանրահավաքի ժամանակ»:

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանության քաղաքականությունն է՝ հնարավորինս աղքատ պահել ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Համբուրգին» (տեսանյութ)’