‘Էլցանցերը մոլորեցնում են սպառողներին և անընդունելի բացատրություններ տալիս’

1125

2013-2014-ի համեմատաբար ցուրտ ձմեռը ոչ միայն տները տաքացնելու, այլև տաք անցկացրած օրերի համար վճարելու խնդիր ստեղծեց: Եթե հունվարին մարդիկ իրենց վաստակածի գերակշիռ մասը վճարեցին սովորականից ավելի շատ սպառված գազի վարձի դիմաց, ապա փետրվարին շատերի համար անսպասելիորեն մեծ էր սպառված էլեկտրաէներգիայի չափը:

Սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում բողոքներն իրար հերթ չէին տալիս` մարդիկ շտապում էին բոլորին մասնակից դարձնել վարձավճարների իրենց ոդիսականին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն, բացատրություն ուներ հունվարի վարձավճարների` սովորականից ավելի բարձր լինելու համար:

Ընկերության հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի վարչության պետ Նատալյա Սարջանյանը PanARMENIAN.Net ին ասել է, թե ավելի շատ էլեկտրաէներգիա սպառելու պատճառն այն է, որ հունվարին օգտագործված էլեկտրականությանը գումարվել էր նաև դեկտեմբերի վերջին երեք օրերինը:

«Դեկտեմբերի գույքագրումը կատարվել էր 28-ին, այդ ամսվա 29-ին, 30-ին ու 31-ին օգտագործված էներգիան գույքագրվել է հունվարին, եթե հաշվի առնենք նաև այն, որ հունվարը 31 օր էր, վարձերն ավելի շատ են եղել, ընդ որում՝ այդ ընթացքում 3 օրն եղել է ինտենսիվ սպառման օր»,- նշել է Սարջանյանը:

Այստեղ միանգամից մեջբերենք լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումից մի հատված.

Էլեկտրիկներից մեկին հարցնում եմ, թե սա ինչ բան է, ինչպես կարող է այսպես լինել, որ հունվարին գրեթե 1,5 անգամ ավելի շատ ծախսեինք, քան դեկտեմբերին, ասաց, հանգիստ գրի, առանց վարանելու, որ հունվարին հոսանքի լարումը բարձրացրել ենք:

Ասում է, քանի որ դեկտեմբերին գազի սպառման դիմաց հսկայական վճարներ եղան, մարդիկ համատարած անցան էլեկտրաէներգիա սպառելուն: Ծանրաբեռնվածությունը տրանֆորմատորների ու ենթակայանների վրա կրկնապատկվեց, ու որպեսզի դրանք շարքից դուրս չգան, չվթարվեն, հոսանքի լարումը բարձրացրել են: Մարդը շատ ազնիվ պատասխանեց:

Այս բացատրությունը, չի բավարարում նաև Երևանի բնակիչ Աննա Մարտինյանին (տվյալները փոփոխված են), քանի որ նրա վարձակալած բնակարանում սպառված հունվարի վարձը 11 հազար դրամով ավելի էր, քան դեկտեմբերինը, իսկ նոր տարվա նախօրեին նա տանը չի եղել ու էլեկտրականություն ինտենսիվորեն չի սպառել:

«Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 2-ը տանը մարդ չի եղել, ընդամենը մի տաքացուցիչ էինք վառ թողել: Հունվարին էլ, քանի որ համեմատաբար տաք էր, երկրորդ տաքացուցիչը չէինք միացնում, վերջում պարզվեց` ավելի շատ պիտի վճարեմ»,- PanARMENIAN.Net ին ասաց Մարտինյանը:

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, այնդուհանդերձ, դեկտեմբերի 3 օրվա սպառված էլէներգիայի ծավալը հունվարինի հետհաշվարկելն անընդունելի է համարում:

«Դա մոլորության ձև է: Այդ բացատրությամբ նրանք շեղում են մարդկանց ուշադրությունը: Հասկանելի է, որ կոմերցիոն ձեռնարկությունն ունի իր շահերը, բայց իր հաշվարկներն այն ի վնաս քաղաքացու շահերի է արել, — PanARMENIAN.Net ին ասաց Պողոսյանը: — Երբ ժամանակ է անցնում, ամեն ինչն էլ կարելի է բացատրել, անգամ թե ինչու է ավելի շատ էլեկտրականություն սպառվել: Բայց սա անհարգալից վերաբերմունք է»:

Նա անդրադարձավ նաև ձմռան ամիսներին ստացվող մեքենայությունների վերաբերյալ հարյուրավոր բողոքներին, որոնք իրականացնում են էլէներգիայի գույքագրման պատասխանատուները:

«Դա մեքենայություն է և պատժելի արարք, երբ տարբեր հաշվիչների լարերը փոխում են: Դիմումներ ունենք, երբ մարդիկ կասկածում են, որ իրենք վճարում են այլ մարդկանց փոխարեն, ովքեր փող են տալիս էլեկտրիկներին: Բայց դա ապացուցելն է դժվար»,- նշեց Պողոսյանը` հավելելով, որ խնդիրը լայն տարածում ունի, չի լուծվելու, քանի դեռ կարգավորված չէ Երևանի բնակարանների շքամուտքերի բարեկարգման հարցը:

Այն քաղաքացիներին, ովքեր կարծում են, որ իրենց սպառած էլէներգիան այնքան չէ, որքան գույքագրվում է, Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս անջատել բոլոր էլեկտրական սարքերն ու ստուգել հաշվիչը, որը պետք է հասանելի ու տեսանելի լինի (ընդ որում, եթե հաշվիչի տվյալը տեսանելի չի, արդեն խախտում է):

«Եթե էլեկտրական սարքերն անջատված հաշվիչը պտտվում է, անմիջապես պետք է զանգել Էլցանցեր: Եթե այնտեղից չգան, պետք է հարևանների հաստատմամբ դիմում կազմել, ու արդեն հրավիրել գույքագրողին, որ ստորագրի այն: Այդ դիմումի առկայության դեպքում մեր կազմակերպությունը կարող է զբաղվել ու պատժել մեղավորներին»,- եզրափակեց Պողոսյանը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվան Ուկրաինայի նոր իշխանություններին համարում է ոչ օրինական’
Հաջորդ հոդվածը‘ Le Monde. Աջակցել ԼՂՀ-ին` նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղության ամրապնդմանը ‘