‘«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության բաց նամակը` իրենց աջակցած պատգամավորներին’

1573

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակ է գրել ԱԺ` իրենց աջակցած պատգամավորներին:

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պատգամավորներ

Մեր նախաձեռնությունը շնորհակալ է ձեր ակտիվության և աջակցության համար:

Քանի որ իշխանությունը տապալեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստը, մեր նախաձեռնությունը ցանկանում է ձեզ տեղեկացնել իր հետագա քայլերի մասին՝ կոչ անելով միասնաբար շարժվել առաջ:

1. Անհրաժեշտ 27 ստորագրությամբ պատգամավորների կողմից ՍԴ դիմելու գործընթացի նախաձեռնում: Դեռևս հոկտեմբերի 28-ին մենք դիմել ենք ՄԻՊ-ին՝ պահանջելով, որ նա դիմի ՍԴ, սակայն առ այսօր ՄԻՊ-ը չի դիմել ՍԴ: Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ այս ուղղությամբ՝ ՍԴ-ում վիճարկելու համար Օրենքի պարտադիրության սկզբունքը և մյուս վիճելի կետերի սահմանադրականության հարցը: Եթե հետագայում ՄԻՊ-ն էլ մեր դիմումի հիման վրա դիմի ՍԴ, ապա երկու դիմումները կմիավորվեն մեկ վարույթի մեջ, որը առավել կուժեղացնի մեր դիրքորոշումը: Այս պահին չպետք է ժամանակ կորցնենք և պետք է գործենք արագ:

2. Առաջարկում ենք կրկին հավաքել 44 ստորագրություն և հրավիրել ԱԺ նոր արտահերթ նիստ առաջիկա շաբաթվա ընթացքում: Այս անգամ մենք կապահովենք ավելի շատ մարդկանց ներկայություն ԱԺ շենքի մոտ: Եթե իշխանությունը կրկին բոյկոտի նիստը, մենք նաև պահանջելու ենք օրենսդրական փոփոխության կատարում՝ սահմանափակելու ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի կողմից բոյկոտ իրականացնելու հնարավորությունը:

Խնդրում ենք այս հարցը ևս մտցնել առաջիկա արտահերթ նիստի օրակարգի հարցերի մեջ: Ամբողջ աշխարհում բոյկոտի ինստիտուտը փոքրամասնություն կազմող քաղաքական ուժի «զենքն» է, քանի որ այն, ըստ էության, լսելի է դարձնում փոքրամասնության ձայնը, որը քվեարկության արդյունքում աննկատ է մնում: Սակայն մեզ մոտ հակառակ պատկերն է, բոյկոտ է անում մի կուսակցություն, ով իրեն համարում է պետության ճակատագրի համար պատասխանատու ուժ, ինչն անընդունելի է: Այս քայլերը պետք է իրականացնել արագ և միասնաբար, քանի դեռ մարդկանց մոտ չի մարել հույսը, հավատը և ակտիվությունը: Խնդրում ենք միասնական լինել ու համախմբված պայքարել: Եթե կողմ եք այս քայլերից թեկուզև մեկին, ուրեմն միավորվենք այդ մեկ կետի շուրջ: Եթե համաձայնության գանք որևէ հարցի շուրջ, առաջարկում ենք կազմակերպել համատեղ մամլո ասուլիս և հայտարարել դրա մասին՝ կոչ անելով արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել:

Մենք հինգշաբթի օրը կազմակերպում ենք ցույց կառավարության շենքի մոտ և հրավիրում ենք ձեզ մասնակցելու այդ ցույցին»:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնություն

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պետական պարգևները կհամալրվեն երեքով ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ողջունել է բանակցությունները շարունակելու հանձնառությունը’