‘Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնություն են ձեռք բերել ‘

1031

Իրանի գլխավոր ատոմագետ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնություն են ձեռք բերել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

Ներկայումս Թեհրանում է գտնվում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն է գլխավորում պատվիրակությունը, դիտորդների կողմից ընկալվում է որպես լավ նշան: Բանակցությունների նախորդ ռաունդում՝ հոկտեմբերի 28-ին, Վիեննայում, Իրանը նոր առաջարկներ էր ներկայացրել: Դրանց բովանդակությունը չի բացահայտվել, սակայն կողմերը հայտարարել են «շատ կառուցողական» հանդիպման մասին: Այն ժամանակ Վիեննայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը լրագրողներին տեղեկացրել էր, թե բանակցություններում առաջընթացի մասին կարելի է դատել այն բանից, թե նոյեմբերի 11-ին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն ինչ մակարդակով կներկայանա Թեհրանում:

Նախօրեին Ժնևում կայացել է միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Թեպետ այն ավարտվել է առանց ակնկալվող համաձայնագրի, կողմերն ակնարկել են, որ առաջընթաց կա, իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջին անգամ հաջողվեց հեռանալ «պատժամիջոցների լծակներից» և անցնել «խնդիրների էության գործնական քննարկմանը», փոխանցում է Trend.az-ը:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն հետագա համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել՝ մնացյալ խնդիրները լուծելու նպատակով, հայտնել է ISNA գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Շանթի գործ. Իսկ օրենքի պաշտպա՞ն էր ոստիկանությունը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Պարզ հարցեր’