‘Թոմաս դե Վաալ. «Պուտինը Ղարաբաղով չի տառապում և մտադիր չէ նրա վրա ծախսել իր քաղաքական կապիտալը»’

1079

«Չեմ կարծում, թե Ռուսաստանի նախագահի այցն Ադրբեջան հիմնովին փոխեց ռազմավարական հավասարակշռությունը Կովկասում», Vesti.az-ին հայտարարել է բրիտանացի հայտնի լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի գծով ավագ գիտաշխատող, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

«Առայժմ, թվում է՝ ամենակարևոր բանը, որին կարողացան հասնել ռուսները՝ «Роснефть»-ի մասնակցությունն է Աբշերոնի գազի նախագծին, թեև դրան էլ դեռ լրիվ չեն հասել»,- ընդգծել է նա:

Հատկանշական է, ըստ դե Վաալի, որ Պուտինը շատ քիչ հիշատակեց Ղարաբաղյան հակամարտությունը: «Ի տարբերություն իր նախորդ Մեդվեդևի՝ Պուտինը, թվում է, չի տառապում Ղարաբաղով և մտադիր չէ իր քաղաքական կապիտալը ծախսել դրա վրա»,- կարծում է փորձագետը: Ըստ դե Վաալի՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի համար Պուտինի այցն ընդամենը սեփական ուժի ցուցադրություն էր: «Պաշտոնական Բաքվի կողմից՝ դա Ռուսաստանի աջակցությունն էր ընտրությունների նախօրեին, տարածաշրջանում Ադրբեջանի կարևորության ընդգծումը: Մոսկվայի կողմից՝ դա ակնարկ էր Հայաստանին, որպեսզի Երևանում հասկանան, որ պետք է մտնեն Մաքսային միություն, և որ ԱՄՆ-ը Կովկասում երկրորդական կարգի խաղացող է»,- ամփոփել է դե Վաալը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտարկված է, բանտարկված ենք բոլորս (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը չի կարողացել զսպել արցունքները’