‘«Ժառանգության» անդամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել’

1210

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտել էր իր կուսակցության անդամ և լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ–ի կողմից հավաքագրելու հայտնի փորձը։

Նա նաև հայտնել էր, որ այսօր Հրայր Մանուկյանը ՄԻՊ–ին և Դատախազությանը կներկայացնի հաղորդում հանցագործության մասին և ողջ մանրամասները:

Եվ ահա քիչ առաջ «Ժառանգության» լրատվական ծառայությունը տարածեց Հրայր Մանուկյանի դիմումը, որը ներկայացնում ենք ստորև.

 

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

 

Հաղորդում հանցագործության մասին

2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝  Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Որպես պատասխան իմ մերժմանը՝  սպառնացել է ինձ, իմ և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին:

Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։

Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, և որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից կներկայացնում եմ սույն հաղորդման հետ:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը:

Կից ներկայացվում են՝

1.  Ձայնագրության կրիչը

2. Անձնագրի պատճեն

Հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձ՝

Հրայր Մանուկյան

Հուլիսի 8, 2014թ.

Նախորդ հոդվածը‘Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել տղամարդու դի’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Շնորհավոր, Սե՛րժ. երկրորդ ամենավատ տնտեսությունն ունես աշխարհում’