‘«Ժառանգությունը» դեմ է թուրքական նախապայմաններին’

1216

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այսօր Երևան ժամանած` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցին: 

1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է:

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Վարելով հանդուրժողական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, առանց նախապայմաններ թելադրելու, հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն այս 20 տարիների ընթացքում դա չի ընդունվել և մերժվել է Թուրքիայի կողմից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով. «Դուք երբ հարևան երկրի հողերի բռնազավթումից հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջև արգելքներ չեն լինի»: Եվ սա հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի պետության, որը մոտ մեկ դար առաջ Ցեղասպանության արդյունքում բռնազավթել է հայ, հույն և արաբ ժողովրդների բնօրրանի զգալի հատվածը: Մի պետության, որն աջակցում է ռազմատենչ իր քաղաքականությունը շարունակող և հայկական Նախիջևանի, Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի տարածքները բռնազավթած Ադրբեջանին:

Թուրքիան պետք է քաջ գիտակցի, որ եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար իր առջև նախապայմաններ չի դրել, դա չի կարող անվերջ շարունակվել, կամ էլ դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող հայտարարել իր նախապայմանների մասին:

Հայ ժողովուրդը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ սկսելու հարցում ունի իր մեկնակետը, որի հիմնական բաղադրիչը Թուրքիայի կողմից օկուպացված հայկական բոլոր տարածքների վերադարձն է և հայ ժողովրդի՝ իր հայրենի բնօրրանը վերադառնալու իրավունքի իրացումը:

Նախորդ հոդվածը‘Առատ ձյան պատճառով ճանապարհները դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի խոշորագույն օլիգարխները կարող են դուրս գալ Յանուկովիչի դեմ’