‘Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ին բողոքել է Հայաստանից’

1107

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր ելույթում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 20 տարում Ադրբեջանը դարձել է հուսալի գործընկեր, որն ավանդ է ներդրել Դաշինքի գործունեության բազմաթիվ ոլորտներում:

Ալիևը նաև առիթը բաց չի թողել` հերթական անգամ Հայաստանին մեղադրելու «ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքի և Լեռնային Ղարաբաղի օկուպացման համար»: Նա նաև պատմել է «մեկ միլիոն փախստականների» մասին, Երևանին մեղադրել ՄԱԿ ԱԽ  4 բանաձևերը չկատարելու համար:

Իլհամ Ալիևը կարծում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային  նորմերին համապատասխան` ընդ որում հիշատակելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Մենք բարձր են գնահատում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ և նախորդ գագաթնաժողովներում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի հավատարմությունը միջագզային նորմերին կպահպանվի նաև այսուհետև, և Դաշինքը չի ընդունի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխման բռնի փորձերը», — ասել է Իլհամ Ալիևը: Մինչդեռ նախօրեին հրապարակված ՆԱՏՕ-ի ամփոփիչ հայտարարությունում ասվում է, որ Դաշինքը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում և Մոլդովայում առկա հակամարտությունները միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղ կարգավորելու համար: Փաստաթղթում նշվում է, որ սառեցված հակամարտությունները մտահոգություն են հարուցում կառույցներում, քանի որ խոչընդոտում են տարածաշրջանի բնակիչների ներուժի լիակատար բացահայտմանը` որպես եվրատլանտյան հանրության մաս: ՆԱՏՕ-ն նաև բոլոր կողմերին կոչ է արել քաղաքական կամք և եռանդ դրսևորել բանակցային գործընթացների շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար: 

Նախորդ հոդվածը‘Արցախի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել’
Հաջորդ հոդվածը‘Սունիգան ներողություն է խնդրել Նեյմարից’