‘Ինչպե՞ս կարելի է համեմատել ապրիլի 9-ը մարտի 1-ի հետ ‘

1405

Հարութ Ուլոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ինչպե՞ս կարելի է այս տարվա ապրիլի 9-ի դեպքերը համեմատել 2008թ.-ի Մարտի 1-ի դեպքերի հետ ու մեկնաբանել, թե` «լավ էր, որ Րաֆֆին Լևոնի նման ժողովրդին չտարավ առճակատման, արյուն չթափվեց»: Ապրիլի 9-ը Մարտի 1-ի հետ համեմատողները՝ բացի նրանից, որ ոչ Մարտի 1-ին են փողոցում եղել, ոչ էլ ապրիլի 9-ին, նաև լիովին ապատեղեկացված են, կամ լիարժեք ինֆորմացիայի չեն տիրապետում: Մյուս տարբերակը այն է, որ լավ էլ տեղեկացված են, ուղղակի իրենց ձեռնատու կերպ են մեկնաբանում:
Այդքան սիրում եք փաստեր, վերլուծություններ` փաստերի հիման վրա… Գոնե մի երկու հատ փաստ նշեք, մենք էլ հասկանանք, թե այդ ո՞ր փաստերի հիման վրա եք ապրիլի 9-ը համեմատում Մարտի 1-ի հետ: 
Ի՞նչ տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 9-ին.
1. Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱՅՏԱՐԱՐԵՑ հետևյալը` «Մենք գնում ենք Բաղրամյան 26»: Եթե սա առճակատման կոչ չէր, բա էլ ի՞նչ էր: Միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե ոստիկանությունը չէր խոչընդոտելու, ավելին` մի բան էլ ժողովրդին ուղեկցելու էր դեպի Բաղրամյան 26:
2. Առճակատում, որպես այդպիսին, ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ, այն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ: Սակայն երբ պարզ դարձավ, որ ոստիկանական ճակատը ճեղքել հնարավոր չէ` Րաֆֆին որոշեց, որ Ծիծեռնակաբերդ պիտի գնա:
Ի՞նչ տեղի ունեցավ 2008թ. Մարտի 1-ին.
1. Ժողովուրդը հանգիստ, ԽԱՂԱՂ նստացույց է արել Ազատության հրապարակում, երբ առավոտյան ոստիկանական ուժերը ԱՌԱՆՑ նախազգուշացման հարձակվել են նրա վրա: 
2. Ժողովուրդը ԻՆՔՆԱԲՈՒԽ հավաքվել է Մյասնիկյանի արձանի մոտ: Այդտեղից նույնպես ոստիկանական ուժերը փորձել են ցրել ժողովրդին, սակայն մարդկանց քանակի ավելացման հետևանքով` ստպված հեռացել են այդ տարածքից: 
3. Երեկոյան մոտ ժամը 20:00-ից ոստիկանական ուժերը սադրելով սկսել են օդ կրակել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել: Դրանից հետո ոստիկանական ուժերը ջրցան մեքենաներով սկսել են շարժվել դեպի հանրահավաքի կողմը, որից հետո ժողովուրդը դիմել է բացառապես ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ քայլերի:
4. Տեսնելով, որ ժողովրդին նման քայերով ճնշել հնարավոր չէ, իշխանությունները հրաման են տվել ԿՐԱԿԵԼ: Տեղի է ունեցել ՍՊԱՆԴ, որի հետևանքով սպանվել է առնվազն 10 մարդ, եղել են մի քանի հարյուր վիրավորներ:
5. Ժողովրդի մոտ հրազեն բացարձակապես ՉԻ եղել: Նման փաստ գոյություն ՉՈՒՆԻ:
6. Այս ամբողջ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է տնային ԿԱԼԱՆՔԻ տակ: Երբ Տեր-Պետրոսյանին տեղեկացրել են, որ կան զոհեր, նա պատասխանատվությունը վերցնելով իր վրա՝ «միջնորդների» միջոցով ժողովրդին ցրվելու կոչ է արել:
7. Սպանդը տեղի է ունեցել բուն հանրահավաքի վայրից 300-500 մետր հեռավորության վրա, այնպես որ ինֆորմացիան ոչ միայն ուշ էր տեղ հասնում, այլև մի քանի անգամ ճշգրտվելու կարիք ուներ: Իսկ հանրահավաքից այդքան հեռու մասերում ժողովրդին կառավարելու, նրա քայլերը վերահսկելու հնարավորության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է:
Դե հիմա ինձ ասեք, թե ԻՆՉՊԵ՞Ս կարելի է այս երկու օրվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը համեմատել իրար հետ…»:  

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Արտակ Բուդաղյանն արդեն կարողանում է շրջել պալատում’
Հաջորդ հոդվածը‘Ամբաստանյալների խոսքով՝ էպոսագետը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ’