‘«Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խումբը դիմադրության գործողությունների շարք է սկսում’

1062

«Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը», — ասվում է «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի հռչակագրում:

«Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:

Մաքսային միությանը և Եվրասիական միությանը միանալու արդյունքում մեր երկիրը ստիպված է լինելու զիջել ինքնուրույն որոշումներ ընդունելու իր գործառույթը վերպետական մի մարմնի, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բացի այդ, դրանով Հայաստանն իր ապագան կապում է բռնապետական կառավարման համակարգ ունեցող, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող և բնական ռեսուրսների գերշահագործման վրա հիմնված, հետամնաց տնտեսություն վարող երկրների հետ:

Մեր և մեր գալիք սերունդների ապագան, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չեն կարող կասկածի տակ դրվել ոչ լեգիտիմ նախագահի հակասահմանադրական գործողություններով: Ելնելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ ինքնիշխանության բացարձակ գերակայությունից՝ մենք հայտարարում ենք դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին», — ասվում է հռչակագրում: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը շնորհավորել է ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Air Arabia ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում’