‘Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Գազային. միջազգային հանրությունը խաղաղ կարգավորման ուղիներ է փնտրում (տեսանյութ)’

960

Մերձավոր Արևելքը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Լարվածությունը տարածաշրջանում աճում է ամեն ժամ: Միայն անցած գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմա-օդային ուժերն ավելի քան 130 հարված են հասցրել Գազայի հատվածին, հայտնում է France-Presse գործակալությունը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռմբակոծության հետևանքով 16 պաղեստինցի է զոհվել, և շուրջ 150 մարդ վիրավորվել է, իսկ Գազայի պատասխան հարվածները 3 խաղաղ քաղաքացու կյանք են խլել:

Այս ռազմական գործողությունները պատասխան են Թել-Ավիվի երեկվա գնդակոծությանը:  Մինչ այդ՝ Իսրայելի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել ցամաքային գործողությունների վերաբերյալ: Իսրայելական հրամանատարության խոսքերով՝ լայնածավալ գործողությունների նպատակը Գազայի ռազմական հենակետերի վերացումն է:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իսրայելը կդադարեցնի Գազայի հատվածի հրետակոծությունը Եգիպտոսի վարչապետ Հաշիմ Քանդիլի այցի ընթացքում՝ նոյեմբերի 16-ին: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը: Այս որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է՝ ի պատասխան եգիպտական կողմի խնդրանքի: Եգիպտոսի կառավարության ղեկավարի այցը կտևի մոտավորապես երեք ժամ:

Այցից առաջ The Guardian-ը գրել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի իր գործընկեր Մուհամեդ Մուրսիին կոչ է արել օգտագործել իր երկրի ունեցած ազդեցությունը՝ իսրայելապաղեստինյան հակամարտությունը լուծելու և Գազայի հատվածում բռնություններին վերջ դնելու համար։

Նախորդ հոդվածը‘Դևիդ Պետրեուսն իր աղմկալի հրաժարականից հետո առաջին հարցազրույցն է տվել’
Հաջորդ հոդվածը‘Կապելոն պատմել է, թե ինչպես Մեսին չտեղափոխվեց «Յուվենտուս»’