Իտալական կինոյի լեգենդը՝ Ջինա Լոլլոբրիջիդա

59477

Իտալիայում 95 տարեկանում վախճանվել է իտալական կինեմատոգրաֆիայի խորհրդանիշներից մեկը՝Ջինա Լոլլոբիջիդան։

Լոլլոբրիջիդան համբավ էր ձեռք բերել «Ֆանֆան-Տյուլպան» (1952 թ․) և «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1956 թ․) ֆիլմերում իր դերակատարումներից հետո։

Ընդհանուր հաշվով՝ Լոլլոբրիջիդան նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում և համարվում է 50-60-ական թթ․ ամենահաջողակ դերասանուհիներից մեկը։ Նրան նաև հաճախ անվանել են աշխարհում ամենագեղեցիկ կինը։

«Զուր չեն ասել, թե երեք բան է միավորել իտալացիներին որպես ազգի՝ Գարիբալդին, սպագետտին և Ջինա Լոլլոբրիջիդան: Իտալական կինոյի ոսկեդարը վաղուց է անցել, բայց Ջինան մնացել էր իբրև այդ մեծ դարաշրջանի հիշատակ, երբ կանայք աստվածուհիների կամ կիսաստվածուհիների պես չքնաղ էին, բայց նրանցից ամեն մեկը սեփական դեմքն ուներ ու նկարագիրը, իսկ գեղեցկությունը բնական էր, կենսալի ու թրթռուն: Ջինան մեծ աստղ էր, բայց ի տարբերություն շատ աստղերի՝ նաև խաղալ գիտեր, և դա ակնհայտ էր նույնիսկ ամենաթեթևաշունչ, ժամանցիկ ֆիլմերում: Նա ոչ մի դեր չունի, որտեղ հույսը դրած լինի միայն իր արտաքին շուքի ու հմայքի վրա: Ջինան խաղացող աստղ էր, ձգտում էր կերպար ստեղծել, ոչ թե պարզապես փայլել այս կամ այն պայմանական դերում: Այդ ձգտումը միշտ հարգանքի զգացում է առաջացրել իմ մեջ նրա հանդեպ՝ մի հրաշագեղ արարածի, որն ընդունակ էր առանց ջանք թափելու էլ ուշադրություն գրավել, բայց առաջին հերթին իրեն ընկալում էր որպես դերասանուհու և ջանում ազնվորեն վաստակել իր հացը: Իսկ երբ կինոյում արդեն հանդես չէր գալիս նախկին շռինդով թե եռանդով, տարվեց լուսանկարչությամբ ու քանդակով: Լոլլոյի գեղեցկությունը, մի խոսքով, միշտ բովանդակություն է ունեցել, դրա համար էլ ապրող գեղեցկություն էր: Ճիշտ է, մեր օրերում Ջինան արդեն մոլորված գիսաստղ էր թվում, վաղեմի ժամանակների վերհուշ, պերճաշուք, բայց հնաոճ տիկին, քանի որ վերապրել էր իր ժամանակները, բայց դա բնավ էական չէ, որովհետև նա իր ամենամեծ դերն արդեն խաղացել է մեր կյանքում, որն անհամեմատ աղքատիկ ու տխուր կլիներ առանց այս արտասովոր կնոջ»,- գրել է կինոգետ Զավեն Բոյաջյանը։

Նախորդ հոդվածըՎախթանգ Կիկաբիձե՝ արտիստը
Հաջորդ հոդվածըԴավադրություն «հետնաբակում»․ Թրամփը մտածել է՝ ինչպես հաղթել Բայդենին