‘Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բացեիբաց քննարկել իր միջուկային ծրագիրը ‘

959

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է ուղղակիորեն քննարկվեն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

«Բոլոր երկրների պաշտոնական ներկայացուցչությունները կարող են ազատ զննել Իրանի միջուկային օբյեկտները, քանի որ Իրանը միակ երկիրն է, որը համաշխարհային մամուլի առաջ բացել է իր միջուկային կազմակերպությունների դռները»,- հայտարարել է Ահմադինեժադը:

Ինդոնեզիայում կայացած՝ ժողովրդավարության հարցերով միջազգային ֆորումի շրջանակներում Ահմադինեժադն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման  հարցին՝ մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ է  պարզել, թե ով և ինչու 33 տարի առաջ (Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո) դադարեցրեց Իրանի և ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք արևմտյան երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ միջուկային զենքի մշակման մեջ:

ԱՄՆ-ը պաշտոնական Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարող 6 միջնորդ երկրներից մեկն է: Մյուս 5 միջնորդներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունն» էլ կհանդիպի ԲՀԿ-ի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ. ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը նոր թափ է ստանում ‘