Իրանում խմելու ջրի պատճառով բողոքի ցույցերը վերաճում են քաղաքական ցույցերի

568

Վեցերորդ օրն անընդմեջ իրանցիները փողոց են դուրս գալիս՝ իշխանություններից պահանջելով իրենց ապահովել ջրով։

Իրանը տառապում է վերջին 50 տարիների ընթացքում ամենասաստիկ երաշտից։

Իրանցի իրավապաշտպանների տվյալներով՝ միայն երկուշաբթի և երեքշաբթի ամբողջ երկրում բողոքի 31 ակցիա է տեղի ունեցել։ Սոցցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը արցունքաբեր գազի օգնությամբ ցրում ցուցարարներին։

Պաշտոնապես հաստատվել է, որ հրազենային վիրավորումներից մահացել է չորս մարդ։ Իշխանությունները մեղադրում են «զինված խռովարարներին», ընդդիմադիրները՝ անվտանգության ուժերին։

Ամենազանգվածային ցույցերի վայրերից մեկը Խուզեստան նահանգն է, որտեղ ջուր չկա 702 բնակավայրերում, և որտեղ սուննի արաբ փոքրամասնություն է բնակվում, որը վաղուց գանգատվում է շիա Իրանում խտրականության ենթարկվելուց։

Հիմնական կարգախոսը, որն անընդհատ վանկարկում են ցուցարարները՝ «Ծարավ եմ, խմել եմ ուզում»։

Որոշ վայրերում բողոքի ցույցերը, ըստ առկա տվյալների, քաղաքական երանգ են ստանում։ Սոցցանցերում տեղադրված երկու տեսանյութերում Թեհրանի մետրոյի մոտ հավաքված մի խումբ կանայք գոռում են՝ «Կորչի՛ Իսլամական Հանրապետությունը», իսկ մեկ ուրիշում վանկարկում են՝ «Օրհնյալ լինես Ռեզա Շահ» (Իրանի վերջին միապետը, որը տապալվել է 1979 թ․ իսլամական հեղափոխության ժամանակ)։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայում Օլիմպիադայի նախօրեին ռեկորդային վարակվածություն է արձանագրվել
Հաջորդ հոդվածըՆորվեգիա․ Ահաբեկչական հարձակման տասնամյակը