‘Լեւոն Բարսեղյան. Բռնության դեպքերի միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’

1254

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նխագահ Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ վերջին շրջանում հանրային դեմքերի՝ քաղաքացիական ակտիվիստների, ազատամարտիկների եւ քաղաքական գործիչների դեմ բռնությունների միակ իրական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

«Ուրիշ մարդու չգիտեմ, ով տիրապետում է իրավապահ համակարգին, քրեական աշխարհի նիստուկացին, դրանց նկատմամբ հնարավոր վերահսկողական գործիքներին: Նա է զավթել իշխանությունը եւ հայտարարել, որ պատասխանատվություն է ստանձնում: Հիմա, եթե ստանձնել է, թող պատասխան տա: Ես ինքս ուրիշ ատյան չգիտեմ, որին կարող եմ ասել, որ մեղավոր է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Նա դժվարանում է ասել՝ արդյոք Նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզման, ակտիվիստների, ազատամարտիկների եւ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ ֆիզիկական բռնության դեպքերը մեկ շղթայի օղակներ են: Նրա խոսքով՝ այս դեպքերը, թեեւ ժամանակագրական առումով շղթա են, բայց որակյալ հետաքննության բացակայությունը հնարավորություն չի տալիս վստահ ասել՝ արդյո՞ք սա մեկ կենտրոնից կազմակերպված գործ է, թե՞ ոչ: «Դեռ չկա այդ հետաքննությունը, եւ ես հույս էլ չունեմ, որ կլինի», — նշեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանության պատասխանատվությանը, ապա, ըստ Բարսեղյանի, իրավապահ համակարգը, իր ուռճացված կառույցներով ու ահռելի տարեկան բյուջեով բոլոր տեխնիկական (գաղտնալսում, ձայնագրություն, տեսագրություն) եւ մարդկային ռեսուրսներն ունի ոչ միայն բացահայտելու, այլեւ կանխարգելելու նման դեպքերը:

«Եվ այս իմաստով եւս պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, եւ նա պետք է պատասխան տա: Կա՛մ շուտափույթ կերպով բացահայտում է, ցույց է տալիս, որ իր համակարգն աշխատում է, եւ [այս դեպքերը] կապ չունեն իշխանավորների կամ նրանց մերձավոր մանկլավիկաց դասի հետ, կա՛մ հերթական անգամ հանցավոր անգործությամբ ապացուցում է, որ բոլոր կասկածները ճիշտ են՝ մեղավորն ու կազմակերպիչը իշխանություններն են՝ նրանք են հրահանգել գնալ, այրել անվադողերը, կամ քաղաքական գործիչների վրա հարձակվել», — նշեց Լեւոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան անհայտ անձը հարձակվել է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա նրա տան շքամուտքում եւ հարվածել է նրա դեմքին: Հիվանդանոցում Մանուկյանին ուղեղի ցնցում են ախտորոշել: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, դիմակավոր մարդիկ հարձակվել են ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրան: Իսկ դեկտեմբերի 8-ին հարձակում են գործել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի  եւ Մանվել Եղիազարյանի վրա:  Ավելի վաղ՝ նոյեմբերին, անհայտ անձինք հարձակվել են «Նախախորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանի վրա եւ նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցրել: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ’