‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները կնահանջեն միայն միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների ջանքերով’

1349

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, ողջունեց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրի շուրջ հասարակական ակտիվությունն արթնացնելու համար: Նա նշեց, որ քաղաքացիական համախմբումը նպաստեց նաեւ Ազգային Ժողովի 4 ընդդիմադիր խմբակցությունների արդեն իսկ ձեւավորված միասնականության ամրապնդմանը:

«Սա ձեր հանրահավաքն է, ձեր ոճը մի քիչ ավելի քաղաքավարական է, բայց ես, որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ,  ցանկանում եմ նույն խնդրի մասին ավելի անկաշկանդ եւ կոշտ ոճով խոսել:

Եկեք ասենք պարզ ճշմարտությունը: Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ` թալան: Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, այո, կան ֆինանսական զարգացած ինստիտուտներ, կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի զարգացած շուկաներ, որոնցում պետությունը պաշտպանում է ներդրումներն ու կենսաթոշակային ավանդները, եւ թույլ չի տալիս, որ անբարեխիղճ գործարարները թալանեն ներդրողներին եւ ավանդատուներին: Տասնյակ տարիների ընթացքում այս ինստիտուտները  իրենց բարեխիղճ աշխատանքով վաստակել են ավանդատուների վստահությունը: Դա է պատճառը, որ Արեւմուտքում ոչ ոք չի վախենում ապագայի համար ներդրումներ անել, այդ թվում նաեւ կուտակային հիմնադրամներում:», — նշեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում կուտակային համակարգի ներդրմանը, ապա, պատգամավորի խոսքով, այն մի նպատակ է հետապնդում` ստեղծել ժողովրդին թալանելու նոր գործիք:  

«Մենք կարո՞ղ ենք վստահել պետությունը սեփական հարստության համար դուքյան դարձրած այս օֆշորային զույգ գեներալներին: Նկատի ունեմ Սարգսյանների ավազակապետական զույգը: Հայաստանում կա՞ գոնե մեկ միամիտ, որ կարծում է, թե կուտակային այդ հիմնադրամների կառավարիչները բարեխիղճ պրոֆեսիոնալ մենեջերներ են, ում կարելի է քսան տարով վստահել սեփական գումարները: Թե՞ բոլորս էլ գիտենք, որ դրանք երկրում իշխող մաֆիոզ կլանի սովորական բանդիտներ են, որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը», — նշեց Լեւոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի` օրերս հրապարակված տվյալներով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք կապիտալի ապօրինի` փողերի լվացման եւ կոռուպցիայի հետ կապված արտահոսքը եղել է շուրջ հինգ միարդ դոլար:

«Եւ ի՞նչ, հիմա ուզում են, որ մենք վստահենք մեր փողերը երկիրը թալանող, Վիրջինիայի կղզիների եւ Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությա՞նը:  Ֆիլիպինների լեգենդար դիկտատոր Մարկոսը, որը հինգ միլիարդ դոլար էր սեփականել 100 միլիոնանոց ֆիլիպին ժողովրդից, ուղղակի միամիտ մանուկ է` մեր հայրենի ավազակապետների հետ համեմատած:

Կամ կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի այս համընդհանուր տնտեսական ճգնաժամի, աղքատության, եւ արտագաղթի օրերին, երբ, մեր աչքերի առջեւ երկիրը պարզապես վարի է գնում, երբ, բառիս բուն իմաստով, մարդկանց հոգիներում մեռնում է Հայաստանում մնալու եւ այն շենացնելու գաղափարը, մեկ էլ պարզվում է, որ ամենակարեւոր հարցը դա կուտակային ռեֆո՞րմն է, ինչը այս կառավարությունը մոլագարի հետեւողականությամբ փորձում է անցկացնել: Եւ իսկապես, դուք մոլագար չէի՞ք համարի մի տանտերի, որը տան հրդեհի ժամանակ կփորձեր տունը վերանորոգել: Իհարկե, կհամարեիք: Բայց սրանք մոլագար չեն: Այս համառությունը միայն մեկ բացատրություն ունի:

Կուտակային այս պարտադիր վճարումները ընդամենը հերթական մի գործիք է, մոգոնված հատուկ ժողովրդի թալանի համար: Քիչ էր տնտեսության մենաշնորհացումը, փոքր եւ միջին բիզնեսի ջախջախումը հարկային եւ մաքսային տեռորի միջոցով, արագաչափները, կայանման կարմիր գծերը, գազի եւ էլեկկտրաէներգիայի հետ կապված թալանը: Հիմա էլ թալանի նոր միջոց են գտել. այս պարտադիրր կուտակային վճարումները: Հիմա ի՞նչ, թո՞ւյլ տանք սա: Թույլ չենք տալու», հայտարարեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ պետք է ոչ թե միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնել, այլ երկիրը փրկենք թալանչիական այս համակարգից:

«Այս իշխանությունները չեն նահանջելու անգամ մեկ սանտիմետր, եթե չտեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց հրապարակում: Եւ ուրեմն, բանալին հենց ժողովրդի ակտիվությունն է, իսկ դրան կարելի հասնել միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների միասնական ջանքերով: Գալիս է այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը: Մեր Շարժումը դա շարժում է դեպի ազատ, արդար, ազնիվ Հայաստան, օրենքի պետություն, որը կառավարվում է ազատ քաղաքացիների կողմից ընտրված ազնիվ, մաքուր, պետական մտածողություն ունեցող նվիրյալների կողմից: Եւ ուրեմն` Պայաքար, պայքար մինչեւ վերջ», — եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

Ի դեպ, պատգամավորի այս կոչին ի պատասխան հանրահավաքի կազմակերպիչները վանկարկեցին` «Մենք ենք տերը մեր երկրի»: Լեւոն Զուրաբյանը հորդորեց «չխրտնել» պայքարի վանկարկումից, քանի որ բոլոր խնդիրները լուծվում են անդադար պայհքարի միջոցով: Հանրահավաքի բազմահազար մասնակիցները վանկարկում էին նաեւ «Սերժիկ, հեռացիր», «Հաղթանակ», «Միացում» եւ այլ կարգախոսներ:

Նախորդ հոդվածը‘Բարբարա Բուշը հուսով է, որ իր որդին չի պայքարի նախագահի պաշտոնի համար’
Հաջորդ հոդվածը‘HSBC Բանկ Հայաստանը 8 մլրդ դրամ զուտ շահույթով հանդիսանում է համակարգի 2013 թվականի առաջատարը’