‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները չեն գիտակցում երկրում ծավալված ճգնաժամի խորությունը’

1780

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարություն տարածեց, որում անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած՝ հետընտրական գործընթացների շուրջ քննարկմանը:

 «Այսօր, մարտի 19-ին, Ազգային Ժողովի նախագահի հրավերով տեղի ունեցավ հետընտրական գործընթացների շուրջ արտահերթ նիստ հրավրելու գաղափարի շուրջ խորհրդակցություն, որին մասնակցեցին խորհրդարանական խմբակցությունները, բացառությամբ «Ժառանգության»: Քանի որ արտահերթ նիստի հրավիրումը ենթադրում է Ազգային Ժողովի կողմից ընդունվող որեւէ փաստաթուղթ, մեզ նաեւ ներկայացվել է Ազգային Ժողովի հայատարարության նախագիծը:

Մենք արդեն հայտարարել ենք, որ երկրում ստեղծված խորը քաղաքական ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունների կողմից ստեղծված է պետանորեն գործող ընտրակեղծարարության համակարգ, որի հետեւանքով մենք այսօր չունենք օրինակարգ նախագահական եւ խորհրդարանական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների իշխանություն, որը օգտվեր ժողովրդի վստահությունից եւ երկրում իրականացներ արդյունավետ եւ արդար կառավարում: Անցյալ խորհրդակցության ժամանակ ներկայացվեց Հայ ազգային կոնգրես խմբակցության տեսակետը, համաձայն որի, պետք է սեղմ ժամկետներում բարեփոխել ընտրական համակարգը եւ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Իշխող կուսակցության կողմից ներկայացված հայտարարության նախագիծը բացարձակ որեւէ լուծում չի պարունակում այդ ուղղությամբ, այլ՝ միայն մշուշոտ ձեւակերպումներ հնարավոր սահմանադրական եւ ընտրական համակարգի բարեփոխումների մասին:

Եթե իշխող կուսակցությունը նպատակ ունի քաղաքական ճգնաժամի լիցքաթափման ուղղությամբ երկրի քաղաքական ուժերի հետ հասնել փոխզիջումային համաձայնությունների, ապա ներկայացված առաջարկը ուղղակի ծաղր է ընդդիմադիր ուժերի նկատմամբ, եւ կարող է նշանակել միայն այն, որ իշխող կուսակցությունը փորձում է ստեղծել ընդդիմության հետ երկխոսելու եւ բանակցելու պատրանք:

Իսկ եթե նպատակն այն է, որ քաղաքական ուժերի համար հնարավորություն ստեղծվի հնչեցնել իրենց տեսակետները ետընտրական ճգնաժամի կարգավորման ուղիների շուրջ, ապա կարող եք նման նստաշրջան հրավիրել առանց խորհրդակցելու մեզ հետ, իսկ մենք արդեն ինքներս կորոշենք, թե որը կլինի մեր մասնակցության ձեւն ու ասելիքը:

Ամեն դեպքում, կարելի է արձանագրել հետեւյալը. այսօր իշխանությունները չեն գիտակցում երկրում ծավալված ճգնաժամի խորությունը, չեն գիտակցում այն աղետալի վնասը, որն այս ճգնաժամը հասցնում է բախտորոշ մարտահրավերներին դիմակայելու մեր երկրի ունակությանը:

Հայաստանն այսօր չունի իմիտացիոն երկխոսության կարիք: Եթե չի լուծվում պետական իշխանության ոչ-օրինակարգության հարցը, նշանակում է չի լուծվում երկրի առաջնըթաց ապահովելու հետ կապված որեւէ հարց, չի դադարեցվում երկրի հանրային հարստությունների եւ բնակչության անխնա թալանը, չի վերականգնվում քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների, արդարադատության համակարգի  նկատմամբ, շարունակվում է անկումը եւ արտագաղթը: Հայաստանի քաղաքացուն դուք, ձեր գործողություններով դնում եք արտագաղթելու կամ ընդվզելու երկընտրանքի առջեւ: Հասկացեք, որ երրորդ ճանապարհը գոյություն չունի: Նման երկընտրանքից խուսափելու միակ ճանապարհն է`օր առաջ օրինակարգ ընտրովի իշխանության ձեւավորումը Հայաստանում», — ասվում է Լեւոն Զուրաբյանի հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը Սվիդլերի հետ ոչ-ոքի խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Warner Bros.-ը Թոմ Կրուզին առաջարկել է իր նոր ֆիլմի գլխավոր դերը’