‘Լիբիայի մայարաքաղաքում գրոհայինները հարձակում են գործել հյուրանոցի վրա. կա ինը զոհ’

907

Իսլամիստ գրոհայինները Լիբիայի մայրաքաղաքում հարձակվել են հյուրանոցի վրա: Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն ինը մարդ, այդ թվում՝ հինգ արտասահմանցի: Պաշտոնական տվյալներով՝ զոհերից մեկն ամերիկացի է, մեկը՝ ֆրանսիացի, երեքը՝ ասիական երկրների քաղաքացիներ:

Մի քանի զինված մարդ Տրիպոլիում ներխուժել են «Կորինտիա» հյուրանոց և անկանոն կրակահերթ են արձակել սպասասրահում: Հյուրանոցի մուտքի մոտ նրանք պայթուցիկներով լիցքավորված ավտոմեքենա են պայթեցրել: Որոշ տեղեկություններով՝ հարձակվողներն այնուհետև պայթեցրել են իրենք իրենց:

Twitter-ի՝ «Իսլամական պետության» հետ առնչվող կայքէջում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ջիհադիստական խմբավորումն այդ հարձակումը գործել է՝ վրեժ լուծելու համար լիբիացի ջիհադիստ Աբու Անաս ալ-Լիբիի մահվան համար, ով կասկածվում էր 1998 թ. արևելյան Աֆրիկայում ամերիկյան երկու դիվանագիտական առաքելությունների պայթեցման մեջ: Լիբին վախճանվել էր հունվարի 2-ին, ԱՄՆ-ի հիվանդանոցում, դատարանի առջև կանգնելուց երկու օր առաջ:

Սակայն լրագրողները համոզված չեն, որ հյուրանոցի պայթյունի ետևում «Իսլամական պետությունն» է կանգնած, քանի որ հայտնի չէ՝ այդ խմբավորումը Լիբիայում ներկա՞ է, թե՞ ոչ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շնորհավորանք Լեւոն Տեր-Պետրոսյանին’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Պուտինին կոչ է արել ազատ արձակել օդաչու Սավչենկոյին’