‘Լիզա Ճաղարյան. Կամակորությունը զվարճալի է մանուկների միջավայրում պաղպաղակ ուտելիս’

1797

Իրական արդարադատությունից սարսափող հանցագործներն ու սրանց մանկլավիկներն ինքնամոռաց հուսահատությամբ լծվել են փաստաբան Վահե Գրիգորյանի՝ երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածության առաջադրման դեմ գոյություն չունեցող խախտումներ պեղելու գործին։

Դժվար թե այս աղմկողները մոռացած լինեն, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջին անգամ առաջադրվեց նախկին իշխանության օրոք, եւ ընտրակեղծիքներով ձեւավորված ՀՀԿ-ական Ազգային ժողովը պարզապես տապալեց Վահեի ընտրությունը՝ արհեստականորեն քվորում չապահովելով։ ՀՀԿ-ականների դիմադրությունն, ի դեպ, բնական էր ու անսպասելի չէր. Սահմանադրական դատարան էր գործուղվելու մի դատավոր, որի անկաշառությանը, խիզախությանն ու անաչառությանը կարող են կասկածել միայն կաշառակերները, վախկոտ կամակատարներն ու արդար դատավճիռների հեռանկարից սարսափողները, եւ գաղտնիք չէ, որ նախկինների «բանակի» շարքերը նմանների պակասություն չէր քաշում։ Այսինքն, պարզից պարզ էր, որ Սահմանադրական դատարանի անկախության ողնաշարը ջարդած ՀՀԿ-ականների համար անկախ դատավորի հայտնությունն այդ կարեւորագույն կառույցում՝ առնվազն անպատժելիության իդիլիայի ավարտ էր նշանակելու։ 

Եվ եթե բնական էր ՀՀԿ-ական ԱԺ-ի բոյկոտը, նույնքան բնական եւ օրինաչափ պետք է լիներ, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեղափոխական ճանապարհով իշխանության հասած եւ ազատ, արդար ընտրություններով ձեւավորված Ազգային ժողովին միանգամից կրկին ներկայացներ Վահե Գրիգորյանի թեկնածությունը շատ պարզ հիմնավորմամբ՝ Սահմանադրական դատարանի անկախության ցանկացած փորձ օրորոցում խեղդած նախորդների մերժումն արդեն իսկ վառ ապացույց է, որ այս թեկնածուն անկախ եւ անաչառ դատավոր էր լինելու։

ՀՀ նախագահը գերադասեց փորձարկումներ անել, ինչը, շատ մեղմ ասած՝ զարմանալի էր։ ՀՀ նախագահը հրաշալի գիտի, թե հիմա ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում, գիտի, որ Վահե Գրիգորյանն իր փաստաբանական գործունեությամբ աներկբա վայելում է հասարակության ա՛յն հատվածի անսահման հավատն ու ակնածանքը, ընդգծում եմ՝ ա՛յն հատվածի, որը չի վախենում արդարադատությունից, որը տարիներ շարունակ պայքարել է հանցագործ իշխանության դեմ եւ հանուն դատական համակարգի անկախության։

Բարեբախտաբար, այդ դանդաղկոտ փորձարկումներն արդյունք չտվեցին, որովհետեւ ներկա Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը նույնպես վախենալու բան չունի արդարադատությունից։ Ավելին, նման խնդիր չունի նաեւ ՀՀ նոր կառավարության մեծամասնությունը։ Եվ ահա այս գործադիր եւ օրենսդիր մեծամասնությունը՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության հետ միասին, գիտակցում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բուռն անցուդարձը եվրոպաներից դիտորդի կարգավիճակով գնահատած կամ նույնիսկ չնկատած թեկուզեւ շատ լավ մասնագետը կամ այդ նույն տարիներին երկրում բնակված, բայց այդ նույն երկրում կատարված անարդարություններին անհաղորդ, թեկուզեւ իր գործին մանկավարժի մակարդակով գիտակ թեկնածուներն ունակ չէին լինելու շրջադարձային փոփոխությունների հիմքը դնել նախկին իշխանության ապօրինի պատվերների դակիչը դարձած Սահմանադրական դատարանում։

Ես չգիտեմ՝ ուշացումով հասկացա՞վ հարգարժան պարոն նախագահը, թե ստիպված եղավ հասկանալ, որ հանրությունը միայն Վահե Գրիգորյանին է ցանկանում տեսնել Սահմանադրական դատարանում, որովհետեւ այդ թեկնածուն մշտապես այդ նույն հանրության ոտնահարված իրավունքների պաշտպանն է եղել, սակայն փաստ է, որ ի վերջո հրաժարվեց հերթական փորձարկումից։

Ուշացումով հասկացա՞վ, թե ստիպված եղավ հասկանալ, որ Վահե Գրիգորյանի հանդեպ արդարադատությունից չվախեցող հասարակության ու իշխանության համառությունը մանկական կամակորություն չէ, պարզապես Վահե Գրիգորյանն իր փաստաբանական անբասիր գործունեությամբ այնպիսի հեղինակություն է վայելում նախկինների օրոք անարդարացի հալածվածների շրջանում, որ այս պահին այլ մրցակից չունի հասարակության գիտակցության մեջ։

Ինչ որ է, մի բան ակնհայտ է՝ այս ձգձգումն այնքան արհեստական էր, որ եթե որոշենք կամակորություն անող փնտրել այս պատմության մեջ, ապա, ուզենք թե չուզենք՝ այդ կամակորին գտնելու համար մեր հայացքները պետք է ուղղենք դեպի Բաղրամյան 26։

Եվ ի դեպ, ՀՀ նախագահի աթոռին հարմարավետ տեղավորված պարոն Արմեն Սարգսյանի հովվերգությունը կարծես խախտվեց ՍԴ թեկնածուի տենդագին փնտրտուքի շրջանում։ Այս խնդրից զատ, մնացած դեպքերում պարոն նախագահից հանրության համակրանքը վայելելու համար առանձնապես ջանքեր չեն պահանջվում՝ ժպտում ես աջուահյակ եւ պերճաշուք ելույթներ ունենում զանազան ամբիոններից՝ պատասխանատվության իսպառ բացակայության երանելի պայմաններում։

Միմիայն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման հարցում Արմեն Սարգսյանից պահանջվում էր վճռականություն ու սկզբունքայնություն, հասարակության զարկերակն զգալու ունակություն, եւ թե ինչպիսի «ճկունություն» ցուցաբերեց պարոն նախագահը, բոլորս տեսանք։

 

Նախորդ հոդվածը‘Սալվադորի ամենաերիտասարդ նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Կոսովոն դիտարկում է Ալբանիայի հետ միավորման հանարաքվեի հնարավորությունը’