‘Լիզա Ճաղարյան. «Մեր Տարոնի» մտքով արքայություն է անցնում’

1786

Մինչ Սերժիկ Սարգսյանը, չպարզված հանգամանքներում, մեկ անհետանում, մեկ երեւութանում է, մինչ ավազակախմբի մնացած անդամներն աշխարհի չորս ծագերում ամառային արձակուրդ են վայելում` յուրաքանչյուրն ըստ իր թալանածի չափի ու որովայնի տարողունակության, մինչ քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներով խաթարում են սուսիկ-փուսիկ (իմա` տափուկ) միլիոնատեր Տարոն Մարգարյանի ղեկավարած «օբյեկտի», որին պայմանականորեն «քաղաքապետարան» են ասում, հովվերգությունը, հենց այս նույն սուսիկ-փուսիկ, «համեստ» միլիոնատերն` իր սազանդարներով, ինքնագովազդի շատ անհամեստ ու անճոռնի արշավ է ձեռնարկել Երեւանի զանազան անկյուններում: «Բեսեդկայի» ծաղկամանների ժապավեն է կտրում (ժապավենի նկատմամբ քնքույշ սեր տածող Քոչարյան Ռոբերտին դեռ չի գերազանցել, բայց արդեն նախանշանները կան), շուրջը հավաքում է իշխանավորների հրապարակային գովեստների գործում մասնագիտացածներին, այդ «մասնագետների» հիացական ելույթներն «անմահացնող» լրագրողներով ու, կարմիր թուշիկներն արեւին տված, շրջում է թաղեթաղ, հետն էլ` լուսապայծառ խոստումներ տալիս «մեր Տարոնի» թուշիկներով հիացողներին, «մեր Տարոնի» թուշիկներով հիացողներն էլ մտովի քաշքշում են «մեր Տարոնի» թուշիկները, իսկ բարձրաձայն` հեռուստախցիկներին փարված, տանում են «մեր Տարոնի» ցավը եւ մեռնում «մեր Տարոնի» ջանին:

Հոգ չէ, որ մայրաքաղաքի այլ հատվածներում` հենց այդ նույն պահերին Լֆիկ Սամոն այլանդակում է պատմական հուշարձան Փակ շուկան` մի խումբ բազառի կնանիքի «բարձր հովանու ներքո», ոստիկանները ծեծում եւ ձերբակալում են քաղաքն այլանդակող հերթական «էլիտար հրեշի» դեմ պայքարողներին, արդեն իսկ անապատացած Երեւանում եւս մեկ հաստաբուն ծառ է հառաչելով տապալվում, որ «մեր Տարոնի» ախպերներից մեկը հերթական «քաբաբնոցը» ցնկնի: Հետո՞ ինչ. բայց չէ՞ որ «մեր Տարոնը» ծաղիկ է ցանում, համ էլ մեկ-մեկ հոտ է քաշում էդ ծաղիկներից:

Եվ այսպես, մինչ Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքներում «կոմպլեմենտարության» վերջին փշուրներն է սպառում Սերժիկ Սարգսյանը, հասարակության ուշադրությունն էլ սեւեռված է հենց այս կարեւորագույն խնդրին, «մեր Տարոնի» մասին հեռուստահաղորդումները հասել են մի մակարդակի, որին կնախանձեր «ժողովուրդների հայր» Իոսիֆ Վիսարիոնովիչը: Ասում են, չէ՞, պատահականությունը չնախատեսված անհրաժեշտություն է: Հենց այդպես` պատահաբար միացրի հայկական հեռուստաալիքներից մեկը, եւ ի՞նչ. պարզվեց` Աստված գիտե, թե ով եւ որտեղ Հայաստանի փրկիչ է փնտրում, իսկ այդ փրկիչը մեր քթի տակ է: Ըհը, «մեր Տարոնն» է, որ կա:

«Ոսկե ձկնիկի» պառավի նման` մեր այս «համեստ» միլիոնատիրոջ համար ակնհայտորեն  արդեն նեղ է թվում մայրաքաղաքի քաղաքապետի աթոռը: Խառը ժամանակներ են, ի՞նչ իմանաս` հերթական անհետացումից հետո Սերժիկ Սարգսյանը կերեւութանա՞, թե՞ կանհետանա հավիտյանս հավիտենից (Ամեն): Դե, մեր սուսիկ-փուսիկն էլ ժամանակը զուր չի վատնում` փրկչի լուսապսակը դաջել է ճակատին ու թաղեթաղ ընկած` ապագա «նախագի» կերպարն է կերտում սեփական ճռճռան պաթոսի ծանրությունից ճկռած լրագրողների աջակցությամբ:

   Կասեք` անհնա՞ր է: Ամենեւին: Ժամանակին կուշտ-կուշտ ծիծաղեցինք, երբ առաջին անգամ լսեցինք, որ Սերժիկ Սարգսյանն ուզում է Հայաստանի նախագահի աթոռը զավթել: Հետո կուշտ-կուշտ ծիծաղեցինք, երբ լսեցինք, որ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի նախագահ է ուզում դառնալ: Հետո ծիծաղից քիչ էր մնում ուշաթափվեինք, երբ ասացին` Լֆիկը, Նեմեցը, Շմայսը, Թոխմախի Մհերը, Շուշոն ու Մարգոն (դուք շարունակեք) ուզում են ԱԺ պատգամավոր դառնալ:

Այնպես որ՝ ծիծաղելուց առաջ ուշադիր հետեւեք ու մտածեք, թե էս «մեր Տարոնն» իր «թլոշ» լեզվով ինչու է մեկ էլ հանկարծ «բլբուլ կտրել», եւ որոշ հեռուստաալիքներ էլ ինչու են էս «համեստ» միլիոնատիրոջն այսքան անհամեստորեն գովերգում:

Նախորդ հոդվածը‘Առավոտ էր: Հարավարևմտյան դաշտի լուսաստղապայծառ առավոտներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Ո ՛չ ուսման վարձավճարների բարձրացմանը. Ուսանողները երթ անցկացրին (ֆոտոշարք)’