‘Լիմայի խումբը դատապարտել է Վենեսուելայի իշխանությունների գործողությունները’

995

Լիմայի խմբում ընդգրկված երկրները դատապարտել են Վենեսուելայի իշխանություններին այն բանից հետո, երբ Սահմանադրական ասամբլեան որոշում է կայացրել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովի չորս պատգամավորների:

Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը երեկ տարածել է Պերուի ԱԳՆ-ն:

«Ազգային ժողովի չորս անդամներին անձեռնմխելիությունից զրկելը բոլոր դեմոկրատական նորմերի, ինչպես նաև օրենքի գերակայության և Վենեսուելայի սահմանադրության խախտման բացահայտ օրինակ է: Լիմայի խումբը միջազգային հանրությանը կոչ է անում պահանջել դադարեցնել այդ ապօրինի վարչակարգի սադրիչ և հուսահատ գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Լիմայի խումբը ձևավորվել է 2017 թ. օգոստոսի 8-ին, Պերուի մայրաքաղաքում, որտեղ 12 երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Գվատեմալա, Հոնդուրաս, Կանադա, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Մեքսիկա, Պանամա, Պարագվայ, Պերու և Չիլի) ներկայացուցիչները համատեղ հռչակագիր են ստորագրել Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան չճանաչելու վերաբերյալ, որն առանց հանրաքվեի գումարվել է Մադուրայի նախաձեռնությամբ: Ավելի ուշ խմբին միացել են նաև Գայանան և Սենտ-Լյուսիան:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Չինաստանը զորքեր է կենտրոնացնում Հոնկոնգի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացությունը’