‘Լուրջ մրցակցային ընտրություններ. Ս.Սարգսյան vs Ս.Սարգսյան. Մամուլ’

981

«Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իրեն զգում և մատուցում է, որպես իր միակ ամենակատաղի մրցակիցն ու այլընտրանքը: Նրա հռետորաբանությունը կոշտանում է, կոչերը՝ էլ ավելի սուր են հնչում:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, «քարը քարին չի թողնում» նախագահի աթոռը պետական հեղաշրջման արդյունքում զավթած և հինգ տարի շարունակ զբաղեցրած Սերժ Սարգսյանի օրոք իշխանական վարքուբարքը քննադատելիս: Օրինակ, երեկ Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ է արել լինել «ակտիվ քաղաքացի ու թույլ չտալ վատ իշխանության վերարտադրություն»: «Եթե մերժում եք այն միտքը, որ մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրությունների», «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին (…) թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի (…), ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել ( …): Բոլոր նրանք, ովքեր սովոր են հանձնել ու խլել, ստորանալ ու ստորացնել, ովքեր ցանկանում են ուղղորդել մեր յուրաքանչյուր արարքն ու մեր փոխարեն որոշել ամեն բան: Եվ միայն դուք, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, կարող եք ընդհատել այս արատավոր շղթան»,- ասել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ ցանկանալով մարդկանց ներշնչել, թե այդ «նրանք» իր հետ ոչ մի կապ չունեն:

Իսկ ոմանք ասում են՝ ընտրություններն անցնում են ոչ մրցակցային պայմաններում և Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Մի երկու այսպիսի ելույթ էլ, և միջազգային դիտորդները կարձանագրեն ՀՀ նախագահական ընտրություններն անցան լուրջ մրցակցության պայմաններում, Սերժ Սարգսյանը ինքնամոռաց դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ»,-գրում է «Հայկական ժամանակը»:     

Նախորդ հոդվածը‘Լ.Անանիկյանը, Ռ.Սաքապետոյանը, Գ.Քյուրումյանը և Լ.Տեր-Պետրոսյանը ազատվելուց անմիջապես հետո մասնակցում են մայիսմեկյան «բողոքի» երթին’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. «Ռուբինը» սենսացիոն հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» նկատմամբ’