‘Լևոն Զուրաբյան. Ռեժիմի դեմ ելած ընդդիմությունը պետք է հանդես գա նոր քայլերով’

174303

«ՉԻ»-ն իր կայքում հարցազրույց է հրապարակել է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

— Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները: ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին հաջորդեց Գագիկ Ծառուկյանի պատասխանը, երբ նա ազդարարեց իշխանափոխությանն ուղղված քայլերի մասին, նաեւ նշանակվեց փետրվարի 20-ի հանրահավաքը: Սակայն քաղաքական իրավիճակը շատ արագ փոխվեց, եւ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը շատերի համար անսպասելի ելք ունեցավ: Ի վերջո, Ձեր կարծիքով, ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ:

— Նախ պետք է ձեզանից ներողություն խնդրեմ եւ միանգամից հակադարձեմ՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտություն գոյություն չունի: Գոյություն ունի Սերժ Սարգսյանի ռեժիմ — Հայաստանի ժողովուրդ՝ հակամարտությունը: Ե՛վ 2008 թվականից մինչեւ 2011 թվականը Հայ Ազգային Կոնգրեսի տարած պայքարը, ե՛ւ 2011թ. վերջից ի վեր «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ռեսուրսների համախմբելու գաղափարը եւ նրա իրականացումը, ե՛ւ 2014թ. քառյակի խորհրդարանական համագործակցությունը, իսկ այնուհետեւ՝ Եռյակի կողմից ստեղծված համաժողովրդական շարժման ջանքերը հետապնդել են մեկ նպատակ՝ միավորել Հայաստանը կեղեքող Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարելու ունակ բոլոր ռեսուրսները, եւ հասնել ռեժիմի հեռացմանը՝ բացելով ժողովրդավարության հաստատման ճանապարհը: Այլ հակամարտություն չկա եւ չի էլ եղել: Բնականաբար, սա պայքար է, որտեղ ռեժիմն իր քայլերն է անում՝ հիմնականում օգտագործելով բռնաճնշումների, ահաբեկչությունների, սպառնալիքների ռեսուրսները: Ռեժիմը հատկապես այն ժամանակ է անցնում ուժային այս ահաբեկիչ ներուժի կիրառմանը, երբ նրա դեմ պայքարող ընդդիմության ջանքերով առաջանում է ժողովրդական լայն զանգվածների մոբիլիզացիա եւ ռեժիմը հայտնվում է կենաց-մահու պատերազմի մեջ, որտեղ վտանգված է իր գոյությունը: Այն, որ մեզ հաջողվեց նորից հասնել նման մոբիլիզացիայի, եւ ժողովրդի մեջ արթնացնել փոփոխության հույսը, շատ կարեւոր նվաճում է: Ցավով պետք է նշեմ, սակայն, որ ռեժիմին այս պահին հաջողվեց իր ահաբեկչական հարվածներով ժամանակավոր շփոթ մտցնել ընդդիմության ծրագրերի մեջ: Ամենաանիմաստ զբաղմունքը կլիներ հիմա որոշել, թե ո՞վ է մեղավոր այդ շփոթի համար: Երբ պատերազմ է գնում, իսկ այն, ինչ ընթանում է մեր երկրում, իսկապես պատերազմ է ռեժիմի եւ ժողովրդի միջեւ, միշտ էլ լինում են դրվագներ, երբ իրավիճակը դուրս է գալիս նախագծված ծրագրի կամ պլանի շրջանակներից, ստեղծում անորոշություններ, որոնք դժվարացնում են որոշումները (անգլերեն այդ վիճակն անվանում են «fog of war», պատերազմի մառախուղ): Բայց սա չպետք է դառնա հիասթափվելու, հուսահատվելու կամ հաղթանակի նկատմամբ հավատը կորցնելու առիթ, որովհետեւ, եթե այդպես վարվենք, մեծագույն նվեր կանենք Սերժ Սարգսյանին ու նրա ղեկավարած ռեժիմին: Միակ բանը, որ պետք է անել ստեղծված իրավիճակում, արագ վերախմբավորել ու վերակազմակերպել համաժողովրդական շարժման ուժերը եւ օգտագործելով ժողովրդի ակտիվությունը, ռեժիմի դիրքերի վրա կազմակերպել նոր գրոհ: Այդ առումով, կարեւոր նշանակություն կարող է ստանալ մարտիմեկյան հանրահավաքը՝ Ազատության հրապարակում, որը կդառնա ստեղծված իրավիճակում ընդդիմության հնարավորությունների ստուգատես, եւ ըստ դրա, շարժման հետագա անելիքների ձեւակերպման ֆորում:

Բոլորը պետք է հասկանան, որ ԲՀԿ-ի նկատմամբ սանձազերծված ահաբեկումները նույնքան ուղղված են մեր՝ բոլորիս դեմ, ինչպես մեր բոլորիս դեմ էին ուղղված Հայ Ազգային Կոնգրեսի ու նրա համակիրների նկատմամբ բռնությունները 2008թ. մինչեւ վերջերս: Ինչպես նաեւ բոլորիս դեմ էին ուղղված Բերձորի դեպքերը, Ազատամարտիկների նկատմամբ հարձակումները եւ այլն, եւ այլն: Ռեժիմը տարբեր ժամանակաշրջաններում կազմակերպում  է ընտրովի հարձակում՝ ինչ-որ մի քաղաքական ուժի վրա, հույս ունենալով, որ մնացած ուժերը դա չեն ընկալի որպես իրենց դեմ ուղղված: Ահա սա մի սխալ է, որ որեւէ մեկս իրավունք չունենք կատարելու: Եվ ես զարմացած եմ այն մարդկանց ու քաղաքական ուժերի վրա, ովքեր չարախնդում են այն քաղաքական ուժի վրա, որը դառնում է նման ցավոտ հարվածների թիրախ: Եթե անգամ չես ընդունում որեւէ քաղաքական ուժի, պետք է հասկանաս, որ ռեժիմի կողմից նրան հասցված հարվածն առաջին հերթին հարված է ոչ թե նրան, այլ՝ քեզ, ժողովրդին: Ռեժիմի դեմ պայքարում մեր ինքնապաշտպանական առողջ բնազդը մեզ պետք է հուշի, որ նման դեպքերում մենք պետք է ոչ թե զբաղվենք չարախնդալով, հուսահատվելով, հիասթափվելով, մեղավորներ փնտրելով, այլ պետք է համախմբվենք, որ միասնաբար հակահարված տանք ռեժիմին:

— Կարելի է՞ արդյոք փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը համարել քաղաքագիտական վերլուծության ձախողում, ինչպես փորձում են ներկայացնել որոշ ուժեր:

— Իհարկե, քաղաքագիտական վերլուծության ստաժավոր քննադատները կփորձեն օգտվել այս հնարավորությունից ու հենց այդպես ներկայացնել: Սակայն նրանց ոչ ոք լուրջ չի ընկալի, որովհետեւ դա տարրական խաբեություն է: Նրանք երբեւէ չեն ասել, որ Եռյակի որոշումից հետո ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն կարող է տեղի տալ իշխանությունների ճնշումներին ու սպառնալիքներին, եւ հրաժարվել կոնկրետ առճակատումից նշանակված հանրահավաքի օրը: Նրանք մշտապես այլ բան են ասել, որ ԲՀԿ-ն չի հրաժարվի իշխանական կոալիցիայից, որ ԲՀԿ-ն իշխանություններից առանձին ցուցակով չի գնա խորհրդարանական ընտրությունների, որ ԲՀԿ-ն չի սատարի ՀԱԿ նախաձեռնությունները, հատկապես մարտի 1-ի ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, որ Գագիկ Ծառուկյանը երբեք դուրս չի գա Սերժ Սարգսյանի դեմ եւ չի պահանջի արտահերթ նախագահական ընտրություններ: Որ եթե անգամ կա Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ դիմակայություն, դա ընդամենը համաձայնեցված խաղ է, որի նպատակն է Սերժ Սարգսյանի համար կառավարելի դարձնել քաղաքական դաշտը՝ բաժանելով այն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի՝ որպես «կեղծ ընդդիմության» միջեւ: Հիմա արդեն պարզ է, որ բոլոր այս կանխատեսումներում Տեր-Պետրոսյանի քննադատները սխալվել են, եւ Տեր-Պետրոսյանը ճիշտ է դուրս եկել: Տեր-Պետրոսյանն ընդամենը ասել է, որ իշխող ռեժիմի եւ ժողովրդի միջեւ ընթացող պատերազմում ԲՀԿ-ն կարող է լինել ժողովրդի կողմում եւ որ դա մեծ լիցք կտա մեր պայքարին: Իսկ թե ինչ կլինի այդ պատերազմի մի ճակատամարտի արդյունքը, դրա մասին Տեր-Պետրոսյանը ոչ մի կանխատեսում չի տվել եւ չէր էլ կարող տալ: Այնպես որ, ՛՛քաղաքագիտական վերլուծության՛՛ ռազմավարությունը 100 տոկոսով կայացել է, բայց նաեւ ստեղծվել է մի նոր իրավիճակ, որտեղ ռեժիմի դեմ ելած ընդդիմությունը պետք է հանդես գա նոր քայլերով:

— Այսքանից հետո, ի՞նչ է լինելու համաժողովրդական շարժման ճակատագիրը:

— Այս պատերազմում այլ ելք, քան ժողովրդի հաղթանակ, հնարավոր չէ, որովհետեւ՝ իշխանությունը կարող է ժամանակավորապես ամրացնել իր ներքաղաքական դիրքերը, բայց դա որեւէ կերպ չի փոխել իր կառավարման ձախողման հետ կապված որեւէ խնդիր: Տնտեսությունը փլվում է, բիզնեսը՝ քանդվում, սոցիալական դժգոհությունն աճում է, արտագաղթը աճում վտանգված է երկրի պաշտպանության գործը եւ հասարակության մեջ ձեւավորվել է հեղափոխական լուծումների համար ամենակարեւոր գիտակցումը, այն է՝ նման իշխանություններով Հայաստանը գտնվում է անելանելի, փակուղային իրավիճակում: Այդ անելանելիությունից դուրս գալու համար իշխանությունները պետք է փոխեն իրենց ավազակապետական բնույթը, իսկ սա նման է մարդասպանից հրեշտակ դառնալ պահանջելուն:

— Այնուամենայնիվ, եկեք ընդունենք, որ Ծառուկյանի այս քայլից հետո, հասարակության մեջ կա հիասթափություն: Չնայած՝ԲՀԿ-ն պնդում է՝ իշխամնափոխության եւ արտահերթ նախագահական ընտրությունների հարցն իր օրակարգից դուրս չի եկել:

— Բնական է, որ կա, բայց երկրի վիճակը մեր ժողովրդին հուսահատության կամ հավատի երկարատեւ կորստյան շռայլություն թույլ չի տալիս:

— Իսկ ԲՀԿ-ի հետ շարունակվելո՞ւ է համագործակցությունը, թե ոչ:

— Բոլոր ուժերը, որոնք ընտրել են այս ռեժիմից ժողովրդին ազատելու ռազմավարությունը, պետք է համագործակցեն իրար հետ: Սրան ոչ մի այլընտրանք չկա:

— Ներքաղաքական դաշտի քննարկվող հարցերից մեկն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղղված նամակն էր: Ի՞նչ էր սա նշանակում, եւ առաջին նախագահն ինչո՞ւ այս պահին որոշեց հանդես գալ նման նախաձեռնությամբ:

— Ապրիլի 24-ը մոտենում է, եւ մեր ամբողջ ազգի համար մեծագույն նշանակություն ունեցող Ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ կերպով նշելու գործընթացը Սերժ Սարգսյանի ռեժիմը փորձում է օգտագործել նաեւ որպես ներքաղաքական լարվածությունները զսպելու, ուստի եւ՝ ռեժիմի դիրքերն ամրապնդելու գործիք: Սերժ Սարգսյանը, սակայն, այդ նպատակով ներկայացրել է մի հռչակագիր, որը թեեւ փորձում է մատուցել որպես ամբողջ հանրության անունից գրված փաստաթուղթ, իրականում գրված է միայն իր կողմից: Սերժ Սարգսյանը, սակայն, այս հարցում որեւէ մենաշնորհ չունի, եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը բացեիբաց այդ մասին հայտարարում է: Տվյալ դեպքում Տեր-Պետրոսյանը գործում է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ՝ որպես Հայաստանի առաջին նախագահ, եւ իր մասնակցությամբ ընդգծում է հարցի վերկուսակցական, համապետական եւ համազգային բնույթը, որը պետք է զերծ պահվի ներքաղաքական պայքարի կոնյուկտուրայի ազդեցություններից:

Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այս խնդրին առաջին անդրադարձը  Տեր-Պետրոսյանը կատարել է փետրվարի 11-ին՝ իր հոդվածում, որտեղ նա քննադատեց ներկայացված հռչակագրի տեքստը: Նման  մոտեցումով Նախագահ Տեր-Պետրոսյանը մի կողմից, ինչպես ասացի, արձանագրում է, որ այս համազգային նշանակություն ունեցող հարցում ոչ ոք, այդ թվում՝ գործող նախագահը չունի մենաշնորհ եւ սխալվելու իրավունք, մյուս կողմից՝ այնպես է անում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը չօգտագործվի ռեժիմի կողմից ներքաղաքական նպատակներով՝ դրանով նսեմացնելով Ցեղասպանության զոհերի հիշատակի վեհությունը: Բնական է, որ քննադատության այս քայլին պետք է հետեւեր այլընտրանքային առաջարկ ներկայացնելու քայլը: Ցավոք սրտի, երբ այդ այլընտրանքային առաջարկը ներկայացվել էր հրապարակման համար, սկսվեց Սերժ Սարգսյանի գրոհը Գագիկ Ծառուկյանի վրա: Նման պարագայում առաջին նախագահը ստիպված էր ետ քաշել լրատվամիջոցներին արդեն իսկ ուղարկված առաջարկը, իսկ այնուհետեւ, երբ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի դեմ գրոհն ընդունեց ահաբեկչական հարձակումների, բռնաճնշումների եւ ձերբակալությունների ծավալուն արշավի բնույթ, արդեն ստիպված էր այն հրապարակել՝ որպես «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն»: Նպատակը՝ նորից Սերժ Սարգսյանինսթափության կանչելն էր եւ ցուցադրելը, որ Սերժ Սարգսյանն իր ահաբեկչական գործողություններով ինքն է ըստ էության տապալում Հայաստանի քաղաքական վերնախավի կոնսենսուսային քայլերի ձեռնարկման հնարավորությունը՝ կապված Ցեղասպանության 100-րդ տարելիցը միասնաբար նշելու գաղափարի հետ: Այնպես որ, այս դեպքում էլ պահը շատ ճիշտ էր ընտրված, քանի որ մի կողմից դրանով նորից ընդգծվում էր այս հարցում Սերժ Սարգսյանի մենաշնորհային իրավունքների անընդունելիությունը, մյուս կողմից՝ ամբողջ հանրության ուշադրությունը գրավում ներքաղաքական ահաբեկչական հալածանքների անթույլատրելիության վրա: Եւ պետք է նշեմ որ մեծամասնության, հանրության բոլոր առողջ ուժերի կողմից նախագահի նախաձեռնության հետ կապված երկու հրապարակումներն էլ ընդունվել են որպես պետական մտածողություն ունեցող առաջնորդի մտահոգություն:


Նախորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Վոլոդյա Ավետիսյանի բողոքը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը գաղտնի փոփոխություններ կատարել Որոտանի Կասկադի վաճառքի պայմանագրում’